Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Պաշտոնական. Ավարտվել է Էջմիածնի ավագանու անդամի թեկնածուին առևանգելու գործով նախաքննությունը

Պաշտոնական. Ավարտվել է Էջմիածնի ավագանու անդամի թեկնածուին առևանգելու գործով նախաքննությունը

HQC-472x265Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) տեղեկացնում է, որ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ Էջմիածին քաղաքի ավագանու անդամի թեկնածու Կիրակոս Բաժակյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով առևանգելու, ինչպես նաև բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքով զուգորդված ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու դեպքերի վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների արդյունքում բացահայտվել է կատարված հանցագործության հանգամանքները, բավարար ապացույցների հիման վրա որպես մեղադրյալ ներգրավվել են Արթուր Ամիրխանյանը և Արսեն Կարապետյանը:

«Կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ սեպտեմբերի16-ին Արթուր Ամիրխանյանը, Արսեն Կարապետյանը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, սեպտեմբերի 18-ին կայանալիք նույն քաղաքի ավագանու և քաղաքապետի ընտրությունների ավագանու անդամի թեկնածու Կիրակոս Բաժակյանի ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու դիտավորությամբ, քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյան  սատարելու, վերջինիս օգտին թռուցիկներ տարածելու, ինչպես նաև որպես ավագանու թեկնածու առաջադրվելու համար, ծեծի են ենթարկել Կիրակոս Բաժակյանին, այնուհետև վերջինիս կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, խմբով բացահայտ առևանգել են նրան, իր կամքին հակառակ նստեցրել «Տոյոտա Քամրի» մակնիշի ավտոմեքենան և տեղափոխել Արմավիրի մարզի Արշալույս գյուղից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող ամայի տարածք», – ասված է հաղորդագրությունում:

Ըստ ՀՔԾ-ի, «նշված վայրում Արթուր Ամիրխանյանը Արսեն Կարապետյանի և այլ անձանց հետ, շարունակելով Էջմիածին քաղաքի ավագանու անդամի թեկնածու Կիրակոս Բաժակյանի ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն ուղղված հանցավոր գործողությունները, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով զուգորդված, Կիրակոս Բաժակյանից պահանջել են հրաժարվել որպես ավագանու թեկնածու ընտրությանը մասնակցելուց: Այդ կերպ՝ վերջիններս խոչընդոտել են Բաժակյանի` որպես ավագանու անդամի թեկնածուի ընտրվելու իրավունքի իրականացմանը»:

«Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար Արթուր Ամիրխանյանին և Արսեն Կարապետյանին մեղադրանքներ են առաջադրվել Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ (մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) և 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով (ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, որոնք զուգորդվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, մի խումբ անձանց կողմից): Վերջիններիս նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը», – ասված է հաղորդագրությունում:

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործից անջատված մասի՝ 2 մեղադրյալների վերաբերյալ գործի նախաքննությունը: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Դիտվել է 95 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy