Home » ՄԱՄՈՒԼ » «Շանտղություն». ՀՀԿ «նոր ոգին» գտնվել է. «Ժամանակ»

«Շանտղություն». ՀՀԿ «նոր ոգին» գտնվել է. «Ժամանակ»

ՀՀԿ«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հետաքրքրական չափորոշում է սահմանել այն անձանց համար, որոնք կգողանան զինծառայողների մահվան կամ վիրավորման դեպքում նրանց ընտանիքների համար նախատեսված հատուկ հիմնադրամի միջոցները: Շարմազանովը նշում է, թե պետք է ասել, որ մեկ լումա գողացողը «շան տղա» է: Պետք է նկատել, որ այդ չափորոշիչը Հայաստանի իշխող համակարգ ներմուծելու հեղինակային իրավունքն այնուամենայնիվ նրանը չէ, այլ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանինը: Կարապետյանն էլ օրերս նման բնութագրում էր տվել սննդամթերքի անվտանգության կանոնները խախտող արտադրողների համար, ասելով, որ դա «շանտղություն» է:

Եվ քանի որ Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի շուրթերով հռչակվել է «փոփոխությունների խորհրդանիշ», հանրապետականները շատ արագ ադապտացվում են փոփոխություններին եւ փոխում նշաձողերն ու չափանիշները: Այսպիսով, իշխանության մեջ նոր իրավիճակի չափանիշ է դառնում «շան տղան»: Գողացողը «շան տղա» է, խախտողը` «շան տղա» է, չարաշահողը` «շան տղա» է: Վաղը անկասկած ընտրություն կեղծողն էլ, արդեն կլինի ոչ թե «արջի ծառայություն» մատուցող, այլ «շան տղա»: Արջի ծառայությունն արդեն անցյալի մնացուկ է, այսպես ասած ՀՀԿ «հին ոգու» չափորոշիչ, բնութագրիչ, իսկ «նոր ոգին» այլեւս «շան տղա» չափորոշիչն է կիրառում: Առաջընթացը իհարկե ակնառու է, միայն թե հարց է առաջանում, թե երբ է ՀՀԿ-ի համար չափորոշիչ դառնալու օրենքը եւ բնութագրումներում երբ է տեղ գտնելու պարզապես օրինախախտ, այլ կերպ ասած` հանցագործ ձեւակերպումը:

«Շան տղան» բարոյական կատեգորիա է, ընդ որում շատ դեպքերում շատերի համար կարող է նույնիսկ լինել հաճոյախոսություն կամ մեղմ բնորոշում, բայց բոլոր դեպքերում` այստեղ չափանիշները հստակ չեն: Ենթադրենք «շան տղա» է, եւ ինչ: Երբ սահմանվում է այդ բարոյական կատեգորիան, իրավականը մղվում է հետին պլան: Դե, «շանտղություն» է, արել են, էլ չեն անի, կդաստիարակենք, կդառնա «մարդու տղա» եւ ամեն ինչ կընկնի իր տեղը: Այսինքն, Սահմանադրությանը առնվազն ենթագիտակցական մակարդակում փոխարինելու կգա դաստիրակություն հասկացությունը: Իսկ դա մի հասկացություն է, որը հնարավոր է ձգել անվերջ: Օրենսդրական, իրավական կատեգորիաներն են, որ ենթադրում են չափման բոլորովին այլ սանդղակ, որն իր հերթին ենթադրում է արդեն շատ կոնկրետ իրավական հետաքննություն: Իրավական հետաքննությունն ունի մի առանձնահատկություն` այն կարող է մի գործից բերել մյուսին. իրավական կոնկրետ գործընթացը կարող է բացահայտել մի ամբողջ շղթա ու քանդել գրեթե ամբողջ համակարգը: Այդ է պատճառը, որ պատասխանատվության եւ հանրային վերաբերմունքի իրավական կատեգորիաներ սահմանելը իշխանության համար խիստ անցանկալի է:

Ընդ որում, եթե նայենք համեմատության մեջ, ապա իշխանությունն աստիճանաբար գնում է նույնիսկ այդ կատեգորիաների, այդ չափման միավորների մեղմացման: Օրինակ, եթե մինչ այժմ ամեն ինչ «արջի ծառայություն» էր, ապա այժմ արդեն արջին փոխարինելու է գալիս շունը, որն իր ծավալներով շատ ավելի փոքր է: Հաջորդը հավանաբար կլինի «սերմացու գողացող մուկը», որը շնից է ավելի փոքր: Վերջում հավանաբար բարոյական չափման միավոր կլինի կամ ճանճը կամ մոծակը, կամ ճպուռն ու մրջյունը:

Այդպիսով, աստիճանաբար կնվազեցվի նաեւ բարոյական պատասխանատվության նույնականացման ծավալը եւ կսկսվի ՀՀԿ իշխանությունն իսկապես «նոր ոգով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Untitled-1 copy - Copy - Copy