Home » ԺԱՄԱՆՑ » Նելլի Խերանյանի աղջկա բաց նամակը վարչապետին և ԿԳ նախարարին

Նելլի Խերանյանի աղջկա բաց նամակը վարչապետին և ԿԳ նախարարին

smSh-1ՀՀ վաստակավոր արտիստներ Տիգրան Ներսիսյանի և Նելլի Խերանյանի դուստրը` Անի Ներսիսյանը, բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին` նշելով, որ դիմում է գրել և  հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից, որտեղ դասախոսում էր:

Ստորև ներկայացնում ենք Անի Ներսիսյանի բաց նամակը:

«Հարգելի պարոն Կարապետյան և պարոն Մկրտչյան հարցը, որ ուզում եմ բարձրացնել կարծում եմ շատ կարևոր է մեր երկրի և մեր պետության համար:

Չորս տարի սովորել եմ Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտում,եվս երկու տարի ուսանել եմ մագիստրատուրայում։ Ավարտելուց հետո ընդունվել եմ աշխատաքի հենց այդ նույն ինստիտուտում որպես դասախոս և աշխատել հինգ տարի: Ջանք և եռանդ չեմ խնայել, աշխատել եմ մեծ սիրով, որովհետև սիրել եմ միշտ մասնագիտությունս և աշխատանքս:

Բայց այս հինգ տարիների ընթացքում հասկացել եմ, որ դասախոսի, մանկավարժի աշխատանքը ցավոք սրտի չի գնահատվում երկրի և պետության կողմից: Ես հիմա գրում եմ ոչ միայն իմ մասին, այլ բոլոր վաստակաշատ մանկավարժների և դասախոսների մասին ովքեր սերունդ են դաստիարակում և կրթում, մասնագետներ են տալիս մեր երկրին, բոլոր այն ՀՀ արվեստի վաստակավոր գործիչների, ՀՀ ժողովրդական արտիստների,դոցենտների,պրոֆեսորների, ինչու չէ նաև երիտասարդ դասախոսների մասին, ովքեր չգնահատվելով պետության կողմից խղճուկ աշխատավորձով սերունդ են կրթում:

Այս ամենը վերաբերում է ոչ միայն արվեստի բուհին այլ նաև մեր հանրապետության մյուս բուհերին, դպրոցներին բոլոր կրթական հաստատություններին: Մի հին ու իմաստուն ասացվածք կա. ուսուցիչն է ստեղծում ազգը: Չէ որ այսօր շատ բարձր է մանկավարժի դերը մեր երկրի առաջընթացի գործում, մենք հասկանում ենք նրանց աշխատանքի կարևորությունը պետության և հասարակության համար, չէ որ մանկավարժը պիտի ամենահարգված և ամենագնահատված մարդը լինի այս երկրում:

Եթե ուզում ենք ունենալ ամուր պետություն, պետք է ունենանք կրթված հասարակություն: Այդ խղճուկ, ծիծաղելի,ողորմելի աշխատավարձով ինչպես շարունակի աշխատել ուսուցիչը, դասախոսը, որը ընտանիք ունի երեխաներ ունի, երազանքներ ունի, արժանապատիվ ապրել է ուզում և վերջապես մարդ է: Ես վստահորեն կարող եմ ասել, որ բոլորն էլ ուզում են բողոքել, գոռալ, որպեսզի իրենց խոսքը տեղ հասնի: Ինստիտուտի ներսում խոսում են, ասում են վրդովվում են, բայց հետո համակերպվելով և տեսնելով որ ոչինչ չի փոխվում շարունակում են լուռ ու մունջ ընդունել ամեն ամսվա ողորմությունը:

Ես դիմում եմ բոլոր իմ կոլեգաներին, բավական է, հերիք է լռեք,մի բան պետք է անել, մենք մարդ ենք և մենք էլ պիտի ինքներս մեզ հարգենք: Էլ չեմ խոսում ուսանողների ցավալի խնդիրների մասին և նրանց իրավունքները խախտելու մասին որի ականատեսն եմ եղել ինքս: Ծնողները մեծ գումարներ են վճարում ինստիտուտին, որոշ ուսանողներ հազիվ հասցնելով նաև աշխատում են, ուսման վարձը վճարելու համար,բայց արդյունքում իրենց իրավունքները նույնպես ոտնահարվում են: Սակայն սա առանձին ցավալի թեմա է, որին պետք է անդրադառնալ անպայման:

Պարոն վարչապետ, պարոն նախարար հուսով եմ, որ չեք անտեսի և այս ցավալի հարցին կանդրադառնաք և լուծում կտաք: Հնարավորություն կտաք դասախոսին շարունակել արժանապատիվ աշխատել և պիտանի լինել մեր պետությանը:

Իսկ ինչ վերաբերում է ինձ նվաստիս, սրտի մեծ ցավով կասեմ, որ այլևս չդիմանալով բոլոր այս անարդարություններին, որ տեղի էին ունենում ինստիտուտում, չդիմանալով այս վիրավորանքին, որովհետև այդ ողորմությունն անձամբ ինձ համար մեծ վիրավորանք է որը չեմ կարող այլևս մարսել, միայն ուսանողների հանդեպ մեծ սեր ունենալով դիմացել եմ հինգ տարի շարունակ, այսօր արդեն բանը բանից անցել է, հասկանում եմ, որ բոլոր կողմերից միայն անշնորհակալ վերաբեմունք եմ ստացել, հարվածներ մեջքիս, դավաճանություն և վիրավորանք,այդ իսկ պատճառով շատ դժվարությամբ և ցավով դիմում եմ գրել և խնդրել ինձ ազատել աշխատանքից: Ես այևս չեմ աշխատում Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Երազում եմ և ակնկալում, որ մի օր ամեն բան կփոխվի, կտեղաշարժվի,դեռ հավատում եմ որ ամեն ինչ չէ որ արժեզրկված է:

Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացի
Անի Տիգրանի Ներսիսյան»

Untitled-1 copy - Copy - Copy