Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Միշտ պատրաստ ենք քննարկել երիտասարդների՝ Երևանի զարգացմանն ուղղված կառուցողական բոլոր առաջարկները

Միշտ պատրաստ ենք քննարկել երիտասարդների՝ Երևանի զարգացմանն ուղղված կառուցողական բոլոր առաջարկները

001.thumbԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերի առթիվ հյուրընկալել է տարբեր բուհերի ուսանողական խորհուրդների և երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Առանձնակի կարևորելով երիտասարդության ներուժը պետության ու քաղաքամայր Երևանի զարգացման գործում` քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկաներին շնորհավորել է Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրվա առթիվ ու վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է լինել երիտասարդության կողքին:

«Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի և բուհերի ուսանողական խորհուրդների ու երիտասարդական ՀԿ-ների միջև ձևավորվել է իսկապես հաջողված ու արդյունավետ համագործակցություն: Վստահեցնում եմ, որ որդեգրած մեր այս քաղաքականությունը լինելու է շարունակական և մենք մշտապես պատրաստ ենք լսել ու քննարկել երիտասարդների կառուցողական բոլոր այն առաջարկները, որոնք ուղղված են Երևանի զարգացմանը: Հենց երիտասարդներին ու հատկապես ուսանողներին է վերապահված մեր հայրենիքի և մեր սիրելի մայրաքաղաքի կայուն զարգացման ու հզորացման, ավելի հարմարավետ դարձնելու պատասխանատու գործի շարունակականությունն ապահովելու պատվաբեր պարտականությունը, ինչը, համոզված եմ, կշարունակեք կատարել մեծ նվիրումով»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Ուսանողության միջազգային օրվա առթիվ ներկաներին շնորհավորել է նաև միջոցառմանը ներկա ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը:

Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերի առթիվ, Երևան քաղաքում երիտասարդության հարցերում ունեցած զգալի ներդրման, ինչպես նաև երկարատև և բարեխիղճ աշխատանքի համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել Հասմիկ Ափյանը, Ներսիկ Մարգարյանը և Գոռ Վարդանյանը:

«Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունն էլ պարգևատրվել է «Երևան քաղաքի զինանշան» հուշամեդալով:

Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերի առթիվ Երևան քաղաքում երիտասարդության հարցերում ունեցած ներդրման և ակտիվ գործունեություն ծավալելու համար բուհերի ուսանողական խորհուրդների մի շարք ներկայացուցիչներ ու երիտասարդական հասարակական կազմակերպություններ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի և շնորհակալագրերի:

Untitled-1 copy - Copy - Copy