Home » ՄԱՄՈՒԼ » Մահը շարունակում է շրջել հայ ժողովրդի շուրջբոլորը.Ազնավուր

Մահը շարունակում է շրջել հայ ժողովրդի շուրջբոլորը.Ազնավուր

Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ ԱզնավուրինԱշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրն այսօր հոդված է հրապարակել Le Monde պարբերականում` «Հայոց ցեղասպանություն. մենության 100 տարի» վերնագրով:

«Դա ճիշտ է, ես այդ ժողովրդից եմ` մահացած առանց հուղարկավորվելու: Հայրս ու մայրս, որոնց հաջողվել էր խուսափել այդ փոթորկից, Ֆրանսիայում ապաստան գտնելու շանս ունեցան: Նույնը չեղավ այն մեկուկես միլիոն հայերի համար, որոնք սպանվեցին, մորթվեցին, տանջանքների ենթարկվեցին 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ: Ավազե քամին, հետո մոռացությունը երկար ժամանակ ծածկեցին այդ զանգվածային սպանությունը: Թուրքական կառավարությունները, որոնք հաջորդեցին դահիճներին 1915-ից հետո, տասնամյակներ շարունակ պետական մակարդակով ժխտում են կատարվածը: Նրանք հույսը դնում էին հիշողության կորստի եւ միջազգային թուլության վրա: Եվ նրանք դրա հիմքերն ունեին»,- գրում է Ազնավուրը` հավելելով, որ տասնամյակներ պահանջվեցին, որպեսզի ժողովուրդները սկսեն ճանաչել Ցեղասպանությունը` «ոտնաթաթերի վրա, կիսաձայն»:

Անդրադառնալով թուրք ժողովրդին նա ընդգծում է, որ չի դաստիարակվել ատելության մեջ եւ ցանկանում է հավատալ Թուրքիայի երիտասարդությանը: «Ես գիտեմ, որ մի օր նա կբացի աչքերն ու իր ղեկավարներից, որոնք իրենցից թաքցնում էին իրենց սեփական պատմությունը, հաշիվ կպահանջի խաբեության եւ անպատվության տարիների համար: Ես գիտեմ, որ մի օր` ոչ այնքան հեռավոր օր, նա կջնջի «ճակատի այդ դրոշմը», ինչպես ասում է թուրք բանաստեղծ Նազիմ Հիքմեթը, ոչ թե գլուխն ավազներում թաքցնելով կամ գլխին մոխիր լցնելով, այլ իր պատմության ազատարար վերաճշտմամբ»,- ասում է Ազնավուրը:

Նա համոզված է, որ, անկասկած, պայմաններ կստեղծվեն հայ-թուրքական անկեղծ երկխոսության համար: «Չեմ ուզում այդ ժողովրդին, այդ երիտասարդությանը դաս տվողի դերում հանդես գալ: Ո՞վ եմ ես, որ դա անեմ: Սակայն, որպես զոհերի ժառանգ եւ հասարակական գործիչ, որոշակի պատասխանատվություն եմ կրում: Ես կրում եմ նրանց անսպառ տանջանքների բեռը: Բարոյական պատասխանատվությունը կապում է ինձ նրանց հետ: Ես լսում եմ նրանց աղոթքները ` ավելի ուժեղ հնչող, քանի որ դրանք լռեցված էին, բերանը փակված: Մահացածներն անպաշտպան են: Նրանք դիմում են ողջերին` վերականգնել իրենց հարգանքը, արժանապատվությունը, ուշադիր լինել, որ մոռացությունն ու ուրացումը չսպանեն իրենց երկրորդ անգամ: Կարծում եմ` դա ամեն հայի պարտքն է` հոգ տանել դրա համար: Քանի որ այն, ինչ ուզում էին ոչնչացնել 1915-ին, հայն է` որպես այդպիսին: Դա ես եմ, բայց դա նաեւ դուք եք: Այն, ինչ Օսվենցիմում հավասարապես սպանում էին, դա մարդկությունն էր: Ինչո՞ւ երիտթուրքերի կառավարությունը կատարեց այդ զազրելի ոճիրը: Ինչո՞ւ ոչնչացրեց այդ մարդկանց: Պարոն Էրդողանը կարո՞ղ է մեզ մեկ ճշմարիտ բառ ասել այդ թեմայով: Առավել եւս, որ հայերի հանդեպ թշնամությունը շարունակվում է 100 տարի անց էլ»,- գրում է աշխարհահռչակ երգիչը:

Ազնավուրը հիշեցնում է Թուրքիայի կողմից «ցեղասպանության մղձավանջը վերապրած այդ փոքրիկ Հայաստանի» շրջափակման մասին, 2009-ին ստորագրված` Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բնականոնացման մասին արձանագրությունները չվավերացնելու մասին, ընդգծում, որ Անկարան, Բաքվի թելադրանքով, որպես նախապայման, առաջ է քաշում Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը, հիշեցնում «կեղծ նախագահ» Իլհամ Ալիեւի սպառնալիքները Հայաստանի եւ ԼՂՀ-ի հասցեին: Նաեւ` 2014-ի մարտի 21-ին Սիրիայի Քեսաբ հայկական բնակավայրի գրավումը իսլամականների կողմից, Դեյր Զորի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի պայթեցումը, Միջին Արեւելքում քրիստոնյաների, եզդիների հանդեպ ճնշումները, որոնք հետեւանք են,- Ազնավուրը համոզված է,- Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականության եւ առանց Անկարայի «վառած կանաչ լույսի» չեն իրագործվել:

«Անպատժելիությունը վատ օրինակ է»,- ասում է աշխարհահռչակ երգիչը, ապա` հարց տալիս. «Պետք է դա հանդուրժե՞նք»: Ըստ Ազնավուրի`100 տարի անց էլ տեսնում ենք Միջին Արեւելքի փոքրամասնությունների ճակատագիրը, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղին ուղղված սպառնալիքները, շաբաթ չի լինում, որ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում 20-ամյա երիտասարդ չզոհվի: «Դա խոցում է սիրտս»,- գրում է նա եւ հավելում. «Երբ հայերի ներկայությունն իրենց բնօրրան տարածքներում պակասում է, ինչպես շագրենի կաշին, տղաները սպանվում են ճագարների նման, քանի որ կոչված են դիմադրելու պանթյուրքական անհագ նացիոնալիզմին»:

Ազնավուրը համարում է, որ գերտերությունները, որոնք սովորություն ունեն գերադասելու իրենց շահերը, անշուշտ, պատասխանատվության իրենց բաժինն ունեն այս աղետների շարքի համար, որոնց վերջը չի երեւում: «Զենք վաճառողներն այսօր դառնում են ադրբեջանական «նավթաբռնակալության» լավագույն ընկերները, որի ռազմական բյուջեն հավասար է փոքրիկ Հայաստանի ՀՆԱ-ին միայն: Այսպիսով` մահը շարունակում է շրջել հայ ժողովրդի շուրջբոլորը: Մինչեւ ե՞րբ: Ես ցանկանում եմ եզրափակել լավատեսական նոտայով: Հոլոքոստի հուշահամալիրի անցկացրած հարցման համաձայն` 18-26 տարեկան թուրքերի 33 տոկոսը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Հաշվի առնելով տաբուն այդ երկրում` դա հուսադրող թիվ է»,- ասում է Ազնավուրը` հավելելով, որ պատմության մեջ առաջին անգամ է նշվում ցեղասպանության 100-րդ տարելից, եւ այդ տխուր տարելիցը գուցե արթնացնի խիղճ, գիտակցություն, եւ հենց դրան էլ ծառայում են հիշողությունը ոգեկոչելու միջոցառումները:

Թարգմանությունը՝ Yerkir.am

Դիտվել է 524 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy