Home » Real Politik » «Հայաստանի պետականության ամրությունը սկսվում է երկրի ներսից»

«Հայաստանի պետականության ամրությունը սկսվում է երկրի ներսից»

1-30Հարցազրույց ԱԺ պատգամավոր, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ

– Պարոն Ծառուկյան, շաբաթներ առաջ Դուք հայտարարեցիք, որ սիրիահայերին, մասնավորապես՝ վերջին ամիսներին Հալեպում ռմբահարումների տակ հայտնված մեր հազարավոր հայրենակիցներին տարհանելու եւ Հայաստան տեղափոխելու նպատակով պատրաստվում եք հիմնադրամ ստեղծել: 2011թ. սիրիական հակամարտության առաջին օրից Սիրիան ամբողջ աշխարհի, իսկ սիրիահայության խնդիրը համայն հայության մտահոգության առարկան է: Ինչո՞ւ որոշեցիք հիմա այդպիսի նախաձեռնությամբ հանդես գալ:

– Վստահ եմ, որ ոչ մի հայ չի կարող անտարբեր մնալ Սիրիայում, հատկապես Հալեպում տեղի ունեցող իրավիճակի հանդեպ: Հակամարտության սկզբնավորման առաջին օրից միջազգային տարբեր հիմնադրամներ են ստեղծվել, Հայաստանում եւ Սփյուռքում բազմաթիվ դրամագլուխներ են կազմակերպվել, վերջերս էլ Ռուբեն Վարդանյանի IDEA հիմնադրամը հանդես եկավ նմանօրինակ նախաձեռնությամբ: Ողջունում եւ կարեւոր եմ համարում մեր հայրենակիցների աջակցությանն ուղղված ցանկացած միջոցառում: Բայց եւ այնպես, կարծում եմ, որ սիրիական խնդրի աշխարհաքաղաքական ծավալներն ու շերտերն այնքան մեծ են, որ Հայաստանում, հայրենի Արցախում եւ Սփյուռքի որեւէ գաղթօջախում մեր ազգակիցների անվտանգությամբ մտահոգ եւ պատասխանատու որեւէ մեկը չի կարող անտարբեր գտնվել: Ուստի խորապես մտահոգված վերջին շրջանում Հալեպում կատարվող իրադարձություններով՝ որոշեցի հանդես գալ հեռանկարային մի նախաձեռնությամբ, որի նպատակը ոչ միայն հալեպահայերի անհապաղ տարհանումն է շարունակ ռմբակոծվող քաղաքից, այլեւ նրանց համար ապրելու պայմանների ստեղծումը Հայաստանում եւ Արցախում: Խնդիրն իրապես բարդ եւ տարողունակ է, որը պահանջում է համազգային ջանքերի համադրում, բայց ես կարծում եմ, որ մեր ազգակից սիրիահայերը, որոնք 1915թ. Ցեղասպանությունից փրկված սերնդի ժառանգներն են, իրավունք ունեն կյանքի ավելի լավ պայմանների, հենց միայն այն պատճառով, որ ի տարբերություն այդ երկրում ամենատարբեր հալածանքների ենթարկվող այլ փոքրամասնությունների՝ Սիրիայում՝ քրդերի, Իրաքում՝ եզդիների, հայերը ունեն պետականություն, հայրենիք, որի գոյությունը ինքնին պարտավորեցնում է, որ մեր հայրենակիցների հետ տեղի չունենա այն, ինչ կատարվել է մեր նախնիների հետ հարյուր տարի առաջ, երբ մենք զրկված ենք եղել պետականությունից:

– Օրերս այդ նպատակով մեկնել էիք Լիբանան՝ Անթիլիաս, եւ հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ: Ինչո՞ւ: Եվ ի՞նչ արդյունքներ գրանցեցիք:

– Արամ Ա Վեհափառ Հայրապետին շաբաթներ առաջ հայտնել էի սիրիահայերին օգնելու նպատակով հիմնադրամ ստեղծելու իմ մտադրության մասին եւ նրա օրհնությունը ստանալու ակնկալիքով ընդունելություն էի խնդրել՝ քննարկելու համար նաեւ որոշ մանրամասներ: Ինչպես հայտնի է, Հալեպ քաղաքը եւ հարակից շրջանները պատկանում են Կիլիկիո աթոռին պատկանող Բերիո Հայոց թեմին, եւ Հալեպի հետ կապված ցանկացած նախաձեռնություն պատշաճ է համաձայնեցնել եւ խորհրդակցել Կիլիկիո աթոռի գահակալի հետ: Վեհափառ հայրապետը օրհնեց եւ իր հավանությունը տվեց մեր նախաձեռնությանը՝ միաժամանակ որպես սիրիահայության, մասնավորապես՝ Հալեպի ազգային-եկեղեցական հարուստ ժառանգության կրող եւ պատասխանատու, Վեհափառ Հայրապետը դեռեւս հույս ունի, որ պատերազմը կարող է ավարտվել եւ անհրաժեշտ է ջանք չխնայել նաեւ Հալեպի հայկական գաղութը վերակազմակերպելու, պահպանելու եւ հայոց հարուստ հետքին տեր լինելու համար, ինչը մեզ համար եւս խնդիր է, եւ մենք էլ կիսում ենք Վեհափառ Հայրապետի մտահոգությունն ու տեսակետը:

Ամբողջական նյութը Առավոտ օրաթերթում

Untitled-1 copy - Copy - Copy