Home » ՔՈ ԽՈՍՔԸ » Հայաստանը հիվանդ է մակաբույծ օլիգարխիայի քաղցկեղով (Video)

Հայաստանը հիվանդ է մակաբույծ օլիգարխիայի քաղցկեղով (Video)

anc-Levon-ZurabyanԱզգային ժողովի հինգերորդ գումարման նստաշրջանում ելույթ ունեցավ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ով անդրադարձավ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձանաժողովի՝ մենաշնորհներին վերաբերող տվյալներին:

«Եթե հանրային սեփականությունից անցում է կատարվում մասնավոր սեփականության, եւ, միևնույն ժամանակ, վերացվում է մրցակից եւ տնտեսվարող սուբյեկտների օրենքի գերակայությունը, հետևանքները աղետալի են լինում: Ազգային հարստությունը կենտրոնանում է  մի քանի ընտանիքների ձեռքում, այսպիսով լիովին ոչնչանում է մրցակցությունը»,- նշեց Զուրաբյանը:

Ըստ նրա՝ մակաբույծ օլիգարխները ապահովում են տնտեսական գերշահույթներ:  «Հայաստանը հիվանդ է մակաբույծ օլիգարխիայի քաղցկեղով: Ըստ համաշխարհային բանկի տվյալների՝ Հայաստանում մենաշնորհներին է պատկանում մոտ 20%-ը, որը ամենաբարձր ցուցանիշն է նախկին ԽՍՀՄ երկրների շարքում, ինչի հետեւանքով պարենային գները 17 տոկոս բարձր են՝ ԱՊՀ մյուս երկրների համեմատ»,- հավելեց Զուրաբյանը:

Նա նշեց նաեւ, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը փորձում  է խաբել Հայաստանի տնտեսական մրցակցության ախտորոշման հարցում. ի տարբերություն Համաշխարհային բանկի զեկույցի՝ ներկայացում է մի պատկեր, որտեղ մենաշնորհը կազմում է ընդամենը 8%՝ առանց բացատրելու, թե ինչպիսի մեթոդոլոգիայով է արվել ուսումնասիրությունը:

«Հայաստանի ախտորոշումը սա է, Հայաստանը մեռնում է մակաբույծ մենաշնորհային քաղցկեղից»,- հայտարարեց Կոնգրեսի խմբակցության ղեկավարը:

Զուրաբյանը հավելեց, որ հաձնաժողովի աճպարարության վառ օրինակ են այն տվյալները, որոնց համաձայն՝ մրցակցության ցուցանիշներով  Հայաստանը առաջ է անցել Ադրբեջանին, Վրաստանին, Ռուսաստանին եւ Ռումինիային՝ առանց հաշվի առնելու, որ դա ինդեքսներից միայն մեկին է վերաբերում: Իրականում, համաշխարհային մրցունակության ցուցանիշներով Հայաստանը գտնվում է 79-րդ տեղում, իսկ վերը նշված երկրները գրանցել են ավելի լավ ցուցանիշներ: Ավելին՝ ՀՀ-ից առաջ են գտնվում նաեւ աֆրիկյան երկրները եւ Ռուանդան:

«Ի դեպ՝ հանձնաժողովի կողմից, առանց իրավատիրոջ համաձայնության, շփոթության աստիճանի նման ընկերությունների ապրանքանիշերի օգտագործման հայտնաբերումից հետո՝ ՏՄՊՊՀ-ի կողմից այդ ընկերություններին տրվել է ընդամենը զգուշացում, այսինքն՝ ՀՀ տնտեսությունը խժռող շնաձկերին թողած՝ ընկել են տնտեսական ձկնիկների հետևից: Օրինակ՝ համաշխարհային բրենդներ կեղծող « Ալեքս Գրիգ» ընկերության անունը դժվար թե գտնվի ցուցակներից որեւէ մեկում»,- նշեց պատգամավորը:

Լեւոն Զուրաբյանն իր խոսքում շեշտեց նաեւ, որ մինչեւ մենաշնորհը չջախջախվի, ոչ ոք չի համաձայնի դիտել Հայաստանը որպես մի երկիր, որտեղ կարելի է անկաշկանդ ներդրումներ կատարել: Նա մեջբերեց, որ Համաշխարհային բանկի զեկույցի համաձայն՝ ԿՄՊՊՀ-ն ավելի շատ զբաղվում է գներով, քան մրցակցությամբ:

«2012 թվականի աշնանային նստաշրջանի ժամանակ Հայ ազգային կոնգրեսը ներկայացնել էր մենաշնորհների հետ կապված հարցապնդում, որտեղ հստակ նշել էր այն բնագավառները, որտեղ տնտեսությունը խեղդող ապօրինի մենաշնորհներ էր հաստատվել: Այսպիսով՝  մենք նաեւ առաջարկեցինք որոշման նախագիծ, որն ուղղված  էր տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության սահմանման, եւ ապօրինի մենաշնորհների դեմ: Այս դեպքում նույնպես իշխող կոալիցիան մերժեց հանրային կոնսենսուսի առաջարկը, իսկ Կառավարությունն, իր հերթին, խաբեց՝ չներկայացնելով խոստացած նյութերի փաթեթը: Հիմա դուք խոսում եք համագործակցության մասին այն պարագայում, երբ բոլոր հարցերում դուրս եք գալիս հանրության դեմ»,- խոսքի վերջում նշեց Զուրաբյանը:

Դիտվել է 39 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy