Home » սլայդ » Կարևորը նավթ, գազ ունենալը չէ, այլ մարդկանց հնարավորություն ընձեռելը

Կարևորը նավթ, գազ ունենալը չէ, այլ մարդկանց հնարավորություն ընձեռելը

կարենՀՀ կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նիստին ԱԺ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրեց Կառավարության ծրագիրը՝ շեշտելով, որ ծրագիրն իր թիմի տեսլականն է՝ ուղղված ՀՀ զարգացմանը:

Վարչապետը հատուկ ընդգծեց, որ մշակման ընթացքում քննարկումներ են ունեցել նախկին վարչապետների, նախարարների, պետական կառավարման հարուստ փորձ ունեցող քաղաքական գործիչների, հայ և օտարերկրյա փորձագետների, գործարարների, Հայաստանի Հանրապետական կուսակցության, կոալիցիոն գործընկեր «Հայ Յեղափոխական Դաշնակցության» ներկայացուցիչների և ոչ անտարբեր մարդկանց հետ:

«ՀՀ Կառավարության նպատակն է հանրապետությունում բարեփոխումների միջոցով ապահովել երկրի գերագույն արժեքի՝ ՀՀ քաղաքացու պաշտպանվածությունը, արժանապատվությունը, կենսամակարդակի բարձրացումը, արդար հասարակության մեջ ապրելը, լավատեսությունն ապագայի նկատմամբ»,-հայտարարեց վարչապետը:

Նա նշեց, որ առկա աշխարհաքաղաքական և անվտանգության սպառնալիքները հաշվի առնելով՝ ՀՀ-ն պետք է տեսանելի ժամանակահատվածում պահպանի մարտունակ, մշտապես կատարելագործվող և արդիականացող, հասարակության վստահությունն ու աջակցությունը վայելող պաշտպանության համակարգ:

Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ Կառավարությունը նախատեսում է կրճատել պետական կառավարման ապարատի ծախսերը: Տեղական ինքնակառավարման ոլորտում նախատեսվում է շարունակել սահմանամերձ համայնքներին տրամադրվող արտոնությունները: 2017 թվականի ընթացքում կառավարությունը փորձելու է ձևավորել ներդրումային ֆոնդ, որտեղից պետք է աջակցի ներդրումային ծրագրերի ֆինանսավորմանը:

Կոռուպցիայի դեմ պայքարը կարևորելով՝ վարչապետը նշեց, որ նախատեսում են եռամսյա ժամկետում քրեականացնել «ապօրինի հարստացումը» և վեցամսյա ժամկետում դրա կիրառումն ապահովող գործուն կառուցակարգեր ներդնել:

Նախատեսում են նաև վերանայել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմավորման սկզբունքները:

Վարչապետը շեշտեց, որ բիզնեսմեններն ու ներդրողները պետք է հասկանան, որ ներդրում կատարելը Հայաստանում ապահով է, անվտանգ ու պարզապես շահավետ:

«Կարևորը նավթ, գազ ունենալը չէ, այլ մարդկանց իրենց ստեղծարար կարողությունների համար հնարավորություն ընձեռելը: Մենք պետք է ունենանք այնպիսի խաղի կանոններ, որ օրինապահ հարկատուների համար լինեն զարգացման պայմաններ»,-ասաց նա:

Գործադիրի ղեկավարի խոսքով՝ Կառավարության ծրագրով նաև մաքսատանը կներդրվի մեկ պատուհանի սկզբունքը, իսկ օրինապահ տնտեսվարող սուբյեկտների համար հարկային մարմինների աշխատանքը պետք է լինի աննկատ, հարկային մարմինների հետո շփումներից զուրկ կարգավիճակ։ Ոչ օրինապահները պետք է իմանան, որ իրենք տարբեր գործիքներով մոնիթորինգի են ենթարկվում, իսկ հարկերից խուսափելն անհետևանք չի մնալու, անհետևանք չի մնա նաև իրավապահ մարմինների կողմից լիազորությունները չարաշահելու որևէ դեպք:

«Տուրիզմի ոլորտը լինելու է մեր ուշադրության կենտրոնում, ներկայացվելու է Հայաստանի գրավչությունը, ներգրավվելու են բյուջետային ավիափոխադրողներ՝ նրանց ուղղելով դեպի Գյումրիի օդանավակայան»,-ասաց նա:

Վարչապետն ասաց, որ նախատեսվում է շարունակել երկրաշարժի հետևանքով աղետի գոտում անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, իսկ Գյումրի քաղաքում այդ ծրագիրն ավարտել 2017 թվականին:

Կառավարության ծրագրի մանրամասները՝ այստեղ։

 

Դիտվել է 336 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy