Home » ՄԱՄՈՒԼ » Կարեն Կարապետյանը «ստուգարք է» հանձնում. «ՀԺ»

Կարեն Կարապետյանը «ստուգարք է» հանձնում. «ՀԺ»

Կարեն Կարապետյան«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ երեկ ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը վերջապես ԱԺ-ում ներկայացրեց իր կառավարության ծրագիրը:

«Առաջին հայացքից սա շարքային իրադարձություն է` կառավարություններ շատ են եղել, ծրագրեր՝ նույնպես:

Սակայն Կարեն Կարապետյանի կառավարությունը կամա թե ակամա առանձնանում է մյուսներից: Այնպես է ստացվել, որ այս կառավարությունից շատ մեծ սպասումներ ունեն, ինչպես հենց Կարեն Կարապետյանն է ասում, «սպիտակ» բիզնեսի ներկայացուցիչները:

Վերջիններս առայժմ մեծ հույսեր են կապում այս կառավարության հետ, և դա պայմանավորված է հենց Կարեն Կարապետյանի անձով: Ցանկություն ունի՞ և կարո՞ղ է արդյոք նա շոշափելի քայլեր իրականացնել տնտեսության ստվերային հատվածը էապես կրճատելու ուղղությամբ, զգալի հարվածներ հասցնել կոռուպցիային, սանձել մոնոպոլիստների ու օլիգարխների «բեսպրեդելը» և այլն:

Հենց դրանից է կախված, թե որքանով իրենց ավելի հարմարավետ ու պաշտպանված կզգա «սպիտակ» բիզնեսը: Իսկ դրանից էլ մեծ հաշվով կախված է, թե կզարգանա՞ արդյոք մեր տնտեսությունը:

Այս իմաստով երեկ Կարեն Կարապետյանը «ստուգարք էր» հանձնում «սպիտակ» բիզնեսին: Ու չի կարելի չնկատել, որ Կարեն Կարապետյանին հատուկ «դրայվը» երեկ նկատելիորեն նվազել էր: Այսպես ասենք, «դրայվի» «դոզան» այնքան չէր, որքան նախկինում: Երկրի և տնտեսության առջև կանգնած հիմնական` արմատական խնդիրների վերաբերյալ հարցերին վարչապետը մի տեսակ կաշկանդված էր պատասխանում. այդպես էլ համոզիչ ձևակերպում չտվեց, թե ինչպես է իր կառավարությունը հաղթահարելու կոռուպցիան, ինչպես է տնտեսությունը ազատելու օլիգարխների ճիրաններից:

Նման հարցերին նա տալիս էր ընդհանուր, ըստ էության ոչինչ չասող պատասխաններ: Իսկ «սպիտակ» բիզնեսի ուշադրությունից նման «մանրուքները» չեն վրիպում:

Այսօր նա կշարունակի «ստուգարք» հանձնել, իսկ գնահատականները պարզ կդառնան առաջիկայում»:

Դիտվել է 299 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy