Home » ՄԱՄՈՒԼ » Կարեն Կարապետյանը սկսել է կասկածել Սերժ Սարգսյանին. «Ժամանակ»

Կարեն Կարապետյանը սկսել է կասկածել Սերժ Սարգսյանին. «Ժամանակ»

սերժ կարեն«Ժամանակ» թերթը գրում է. «Լեռնային Ղարաբաղ կատարած այցելության ընթացքում լրագրողների հարցերին պատասխանելիս, վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադառնալով խորհրդարանական ընտրություններից հետո իր պաշտոնավարման հարցին, արել է հետաքրքրական հայտարարություն: Նա նշել է, որ կոռեկտ չի համարում խոսել այդ մասին: Միաժամանակ Կարապետյանը նշել է, որ միշտ անկեղծ է իր հայտարարություններում եւ երբեք սուտ չի խոսում: Նա այդ մասով նշել է, որ ինքը չի երազել լինել վարչապետ, սակայն մտահոգ է տնտեսության ապագայի համար:

Կարապետյանի հայտարարությունը, թե ինքը սուտ չի խոսում, բավական խորիմաստ է այն համատեքստում, որում հնչում է: Այն հնչում է խորհրդարանական ընտրություններից հետո իր վարչապետական հեռանկարի համատեքստում: Մի բան, որը կրկնակի ուշագրավ է հնչում խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետական հեռանկարի մասին Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարության ֆոնին, որ նա արել էլ «Ալ Ջազիրա» արաբական հեռուստաընկերությանը: Սերժ Սարգսյանը, ինչպես հայտնի է, նշել էր, որ իր վարչապետական հեռանկարների մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ դա կախված է խորհրդարանական ընտրություններից, եւ դրա համար իր կուսակցությունը պետք է «շատ լավ քվե ստանա»:

Չբացառել սեփական վարչապետական հեռանկարը, պայմանավորել այն խորհրդարանական ընտրությունների արդյունքով, ըստ էության, նշանակում է չբացառել նաեւ Կարեն Կարապետյանի վարչապետական հեռանկարի ընդհատումը, վարչապետական գործունեության արգելակումը:

Ահա այս զուգահեռի պայմաններում Կարեն Կարապետյանի հայտարարությունը, թե ինքը սուտ չի խոսում, վարչապետական հեռանկարի համատեքստում հնչում է բավականին բազմիմաստ եւ զգալիորեն շոշափվում է դրանում առկա ակնարկը Սերժ Սարգսյանի հասցեին, հատկապես, երբ Կարապետյանը հիշեցնում է, որ չի երազել վարչապետ դառնալու մասին:

Այդպիսով Կարապետյանը, կարծես թե, ակնարկում է, որ խորհրդարանական ընտրություններից հետո իր հեռանկարը կախված է նրանից, թե ինչքանով է իր հետ անկեղծ Սերժ Սարգսյանը, որի հետ Կարապետյանը քննարկել է վարչապետ դառնալու հարցն ու համաձայնել: Եվ բացառված չէ, որ այդ քննարկումներում Սերժ Սարգսյանը բացառել է նախագահական պաշտոնից հետո վարչապետի պաշտոնում մնալու հնարավորությունը:

Խնդիրն այն է, որ ինչքան էլ արդյունավետ աշխատի Կարեն Կարապետյանը, նա չի կարող մեկ-երկու տարում արձանագրել շոշափելի էֆեկտ համակարգային փոփոխությունների իմաստով, նա չի կարող դա անել մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ լուրջ պատճառներից ելնելով: Եվ ուրեմն պետք է ենթադրել, որ նա համաձայնել է իր պաշտոնին այն պայմանով, որ Սերժ Սարգսյանը նախագահական պաշտոնը թողնելուց հետո չի գնա վարչապետի պաշտոնին:

Կարեն Կարապետյանը բավականին թափանցիկ կերպով ակնարկում է, որ ինքը չի ստում, բայց կարող է իրեն ստել Սերժ Սարգսյանը, եւ վարչապետական հեռանկարը կախված է ոչ թե իր, այլ Սերժ Սարգսյանի անկեղծությունից, որի վերաբերյալ Կարապետյանի մոտ, ըստ ամենայնի, կասկածներ է առաջացրել արաբական ալիքին տված Սարգսյանի հարցազրույցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 802 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy