Home » ՄԱՄՈՒԼ » Ի՞նչ դեր է վերապահված Կարեն Կարապետյանին ՀՀԿ-ում. կա 4 տարբերակ. «Իրատես»

Ի՞նչ դեր է վերապահված Կարեն Կարապետյանին ՀՀԿ-ում. կա 4 տարբերակ. «Իրատես»

Կարեն Կարապետյան հհկ«Իրատես» թերթը գրում է. «ՀՀ կառավարության փոփոխությունից և բարեփոխումների նոր կուրս հռչակելուց հետո հասկանալի դարձավ, որ իշխանության ամենամեծ խնդիրներից մեկը նորանշանակ կառավարության, նրա ղեկավարի քաղաքակիրթ իմիջի ու այդ բարեփոխումները նոմինալ, բայց իրականում ֆորմալ առումով նախաձեռնած ուժի միջև առկա անհամապատասխանությունը հարթելն է։ Այս երկու իմիջները համահարթեցնելու փորձ պետք է կատարվի։

Վերջին շրջանում թրենդային է դարձել Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացը գորբաչովյան «պերեստրոյկայի» հետ համեմատելը։ Ինչպես և այն ժամանակ, հիմա էլ պարադոքսալ մի իրավիճակ է ստեղծվել. այն քաղաքական ուժը, որը պաշտոնապես նախաձեռնել էր այդ բարեփոխումները, անհույս հետ էր մնացել հռչակած սկզբունքներից և դարձել էր ամբողջ գործընթացի արգելակը։ Այսօր ամենակարևոր խնդիրն է՝ այնպես անել, որ իշխող քաղաքական ուժը չդառնա այս բոլոր գործընթացների արգելակող գործոնը։

Այս առումով ՀՀԿ-ն ամրացնելու ամենաարդիական հարցերից մեկը կապված է Կարեն Կարապետյանի անվան հետ։

Կանդամագրվի՞ արդյոք բարեփոխումների խորհրդանիշ Կարեն Կարապետյանը ՀՀԿ շարքերին, թե՞ ոչ։ Ինչպես ասում են՝ սա է խնդիրը։ Ուշ թե շուտ Կարեն Կարապետյանը պետք է դառնա կուսակցության փոփոխության առանցքը։ Իսկ դրա համար վերջինս պետք է որևէ կերպ ընդգրկված լինի այդ քաղաքական ուժի մեջ։ Կարեն Կարապետյանի վրա դրված է ՀՀԿ-ն մաքրելու և կուսակցությանը նոր դեմք հաղորդելու խաչը։

Վարչապետի համար թերևս մի քանի տարբերակ կա։ Դիտարկենք դրանք առանձին-առանձին։

Տարբերակ Ա. վարչապետը չի դառնում հանրապետական։ Նախագահը գտնում է նոր անձի կամ նոր թիմ, որոնք առանց Կարեն Կարապետյանի, կառավարությանը զուգահեռ, ինքնուրույն փորձում են փոխել ՀՀԿ կերպարը՝ ստերիլ պահելով վարչապետին, քանի որ վերջինս, կուսակցականացվելով, մեծ ռիսկի տակ է ընկնում։ Եթե ՀՀ նախագահն ու վարչապետը որոշեն, որ Կարեն Կարապետյանը մնում է մաքուր, ապա վերջինս կփորձի իր գործունեության 6 ամիսների ընթացքում դրական արդյունքներ գրանցել, որոնք աշխատելու են մեծ թիմի՝ իշխանության համար։

Տարբերակ Բ. եթե այնուամենայնիվ Կարեն Կարապետյանին ի վերուստ տրված է փոխել հանրապետականների իմիջը, ապա չի բացառվում, որ նա կփորձի հնարավորինս ուշ անդամագրվել այդ խմբին, ասենք, ոչ թե ՀՀԿ համագումարից առաջ, այլ ավելի ուշ փուլում, երբ հաստատվեն հանրապետականի նախընտրական ցուցակը կամ ծրագիրը և այլն։ Այսպիսով՝ կառավարության ղեկավարն ավելի ուշ կմտնի ռիսկային դաշտ։

Տարբերակ Գ. եթե Կարեն Կարապետյանը հիմա է մտնում ՀՀԿ շարքերը, ապա հարց է, թե ինչ կարգավիճակով։ Այստեղ կարող է գործել մի քանի տարբերակ։ Հանրապետական կուսակցությունն իր պատմության ընթացքում, կուսակցության նախագահից զատ, ունեցել է նաև կուսակցության խորհրդի նախագահի պաշտոն։

Մասնավորապես, այդպես էր Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի օրոք։ Կարող է գործել մեկ այլ տարբերակ՝ Կարեն Կարապետյանը դառնա ոչ թե զուտ տեղակալ, այլ առաջին տեղակալ։

Կարեն Կարապետյանի համար հանրապետականացումը լի է ռիսկերով. կառավարությունում նա ունի աշխատելու մեծ ազատություն. մաքրում է՝ ում ցանկանում է։ Մինչդեռ հանրապետական կուսակցությունում, որտեղ տարբեր ֆինանսատնտեսական, կլանային, քրեական կապեր են, շատ ավելի դժվար է լինելու կոտրել ձևավորված համակարգը ու նոր շունչ հաղորդել, նոր մարդկանց բերել։

Փոփոխությունների նախաձեռնողները՝ Սերժ Սարգսյան+մերձավոր շրջապատ+մոսկովյան որոշ ուժեր, պետք է շահերի համադրում կատարեն և հաշվարկեն՝ արդյոք օգտավե՞տ է Կարեն Կարապետյանին ՀՀԿ բեռի տակ այսքան շուտ մտցնելը կամ առհասարակ մտցնելը»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Untitled-1 copy - Copy - Copy