Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ընդդիմադիրների գործիքակազմն ընդլայնվել է

Ընդդիմադիրների գործիքակազմն ընդլայնվել է

1_copy.thumbԱզգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում հիմնական զեկուցող Հովհաննես Սահակյանը ներկայացրեց «ԱԺ կանոնակարգ» օրենքը: Սահակյանը շեշտեց, որ նոր կանոնակարգը սահմանելիս բացառապես վերցրել են նոր Սահմանադրության դրույթները:

Ըստ ԱԺ նոր կանոնակարգի՝ ԱԺ նստաշրջանները և հերթական նիստերն աշնանային և գարնանային նստաշրջանների ընթացքում քառօրյա օրակարգով կանցկացվեն: «Երկուշաբթի օրը կլինի խորհրդի նիստերի օր, որտեղ քննարկվում և ձևավորվում է օրակարգը, հարցերի քննարկման ժամանակացույցը։ Դրանից հետո՝ երեքշաբթի օրն՝ առավոտյան 10: 00-ից, սկսում են մեր հերթական նիստերը, մինչև 18:00: Կարող են նիստերը շարունակվել մինչև օրակարգի սպառումը, բայց դա չի կարող տևել ավելի, քան երեք օր»,- ասաց նա և նշեց, որ նման ճկուն համակարգ են կիրառում, որ կուտակումներ և չսպառված հարցեր չլինեն:

Հովհաննես Սահակյանը նշեց, որ եթե օրակարգային հարցերը սահմանելուց հետո նիստը չի սպառվում, վարողը կարող է յուրաքանչյուր նիստից հետո 15 րոպե ավելացնել, և խորհուրդը հերթական նիստերի տվյալ օրը կարող է նիստը շարունակել մինչև 24: 00-ն:

Հիմնական զեկուցողը նշեց, որ, ըստ կանոնակարգի, ԱԺ-ն ունի հետևյալ մարմինները՝ պատգամավոր, ԱԺ նախագահ և տեղակալ, խմբակցություններ, խորհուրդ
և հանձնաժողովներ: Ըստ նրա՝ նորությունը խորհուրդն է, որը կոլեգիալ մարմին է և ձևավորվում է հանձնաժողովի ներկայացուցիչներից, խմբակցություններից, նախագահից և տեղակալներից: Եթե օրակարգը ձևավորելը նախկինում ԱԺ նախագահի տիրույթում էր, այժմ կոլեգիալ մարմին է ձևավորում, այսինքն՝  ընդդիմությունը, իշխանությունը, հանձնաժողովը կներկայացնեն իրենց հարցերը:

Հովհաննես Սահակյանը նշեց, որ, ըստ կանոնակարգի, ԱԺ գործունեությունը երկու մասի կարելի է բաժանել՝ օրենսդրական և քաղաքական վերահսկողական: Օրենսդրական գործունեության մեջ սահմանվում են ընթացակարգեր, օրենքների երկու ընթերցում, երրորդը կարող է լինել, երբ հեղինակը դիմում է ԱԺ-ին և օրենքի քննարկումը հետաձգվում է խմբագրման համար:

Ըստ նրա՝ առաջին ընթերցման ժամանակ օրենքի քննարկումն անցնում է սահմանված ընթացակարգով: Բացասական եզրակացություն ստացած նախագծերը, որոնց որոշ դրույթների վերաբերյալ հանձնաժողովը տվել է դրական որոշում, եթե հեղինակը լրամշակում է, ապա կարող է կրկին ներկայացնել հանձնաժողով, եթե հանձնաժողովը դրական եզրակացություն է տալիս, ապա այն շարունակում է անցնել մյուս փուլերը։ Նույնը վերաբերում է երկրորդ ընթերցմանը:

Զեկուցողը նաև ներկայացրեց արտահերթ նիստերի կարգը. «Սահմանվել են բացառիկ դեպքեր, միջազգային համաձայնագրեր, բյուջետային նախագծեր, որոնք արտահերթի օրակարգում պետք է ընդգրկվեն, պետք է ընթացակարգը մնացած դեպքերում անցնեն»,-ասաց նա:

Հովհաննես Սահակյանը նաև կարևորեց  այն նորամուծությունը, որը վերաբերում է քննիչ հանձնաժողովին: «Սա հիմնականում մենք դիտարկում ենք որպես մեր ընդդիմության գործիքակազմ, քանի որ ¼-ի  պահանջով կարող է ձևավորվել քննիչ հանձնաժողով՝ իրավունքի ուժով: Դա այն հարթակն է, որտեղ հանրությանը հետաքրքրող հարցերը կարող են քննարկման առարկա դառնալ»,- ասաց նա և նշեց, որ կարող է քննիչ հանձնաժողովը հրավիրել իր նիստերին համապատասխան պաշտոնատար անձանց: Զեկույց է կազմվում, քննարկվում է նաև ԱԺ-ում, և ուղղվում նրան, ում վերաբերում է: Եթե հանցակազմ կպարունակի, հանձնաժողովը կարող է ուղարկել այն իրավապահ մարմիններին:

ՀՀԿ պատգամավորը կարևոր համարեց նաև խմբակցությունների հարցապնդումների իրավունքը, որը նույնպես ընդդիմադիրների գործիքակազմն է լրացնելու. «Նրանք կարող են հարցապնդմամբ դիմել կառավարությանը և 30 օրվա ընթացքում՝ վարչապետի ներկայացմամբ, կառավարությունը յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա երկրորդ նիստին պետք է ներկայացնի պարզաբանումներ, որից հետո սկսվում են քննարկումներ այդ հարցապնդման վերաբերյալ։ Այստեղ կարող է դրվել որևէ պաշտոնյայի կամ վարչապետի անվստահություն հայտնելու հարցը նույնպես»,-ասաց նա և նշեց, որ սահմանափակվում է հարց ու պատասխանի տևողությունը, ելույթների, արձագանքների, սակայն առաջարկներ լսելուց հետո կարող են նաև փոփոխել տևողություն:

 

 

Դիտվել է 80 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy