Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Էրդողանը պատժում է հայամետ` թուրք լրագրողներին

Էրդողանը պատժում է հայամետ` թուրք լրագրողներին

erdogan-ridicuԹուրքական «Սաբահ» թերթը գրում է, որ  Թուրքիայում ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի խմբագրակազմի դեմ ոստիկանական գործողության շրջանակում ձերբակալվել է նաև հայտնի թուրք լրագրող, «Ջումհուրիյեթ» պարբերականի գլխավոր խորհրդատու Քադրի Գյուրսելը:

«Ջումհուրիյեթ»-ի խմբագրակազմի 13 անդամ մեղադրվում է «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորմանն ու հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժմանն աջակցություն ցուցաբերելու համար:

«Ինձ ձերբակալելու մասին որոշում է կայացվել: Տանս մեջ խուզարկություն է իրականացվում հիմա: Տուն եմ գնում»,- մինչ ձերբակալվելը գրել էր լրագրողը Twitter-ի իր էջում:

Նշենք, որ իր հոդվածներից մեկում Գյուրսելը կոչ էր արել Ադրբեջանին մոռանալ Արցախի մասին և դեմ էր արտահայտվել Թուրքիայի կողմից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկխոսության հարցում ԼՂ խնդրի շահարկմանը:

Հայտնի թուրք լրագրողը, 2009թ.-ին այցելելով Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղիկներ էր դրել անմար կրակի մոտ:

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի ոստիկանությունն Անկարայում հատուկ գործողություն է իրականացրել ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի աշխատակիցների դեմ: Խուզարկություններ են իրականացվել թերթի տնօրենի, խմբագիրների և մի շարք սյունակագիրների տներում: Ձերբակալված է նաև թերթի գլխավոր խմբագիր Մուրադ Սաբունջուն:

«Ջումհուրիյեթ» թերթը դեռևս անցյալ տարվա մայիս ամսին էր հայտնվել իշխանությունների և, մասնավորապես, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուշադրության կենտրոնում: Թերթը հրապարակել էր աղմկահարույց լուսանկարներ, որոնցում երևում էր, թե ինչպես է թուրքական կողմը ՄՃՓ («Միջազգային ճանապարհային փոխադրումներ») միջազգային բեռնափոխադրման մասին մաքսային կոնվենցիայի շրջանակում Սիրիա փոխադրվող բեռների հետ նաև զենք-զինամթերք տեղափոխում: «Ահա այն զենքերը, որոնց մասին Էրդողանն ասում էր, թե չկան» վերնագրով հոդվածում «Ջումհուրիյեթի» թղթակիցը պնդել էր, որ բեռնատարը պատկանել է Թուրքիայի ազգային հետախուզության կոմիտեին:

Այդ ժամանակ լուրը հերքած նախագահը սպառնացել էր թերթին և հայտարարել, թե «այդ լուրն անողը պատասխան կտա»:

 Նշենք, որ համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Թուրքիայի կառավարությունը նաև հրահանգել է ահաբեկչական կազմակերպությունների հետ կապի պատճառով աշխատանքից հեռացնել 10 հազար այլ պաշտոնյաների:

Թուրքիայի ղեկավարներն ահաբեկչական կազմակերպություններ են անվանում Ֆաթոլլահ Գյուլենի գլխավորած «Հիզմեթ» շարժումը և ՔԲԿ-ն: Այդ առիթով փակել են 15 ԶԼՄ-ներ, այդ թվում 10 օրաթերթ, երկու լրատվական գործակալություն և երեք պարբերաթերթ, որոնք գրասենյակներ ունեն քրդաբնակ տարածքներում:

Դիտվել է 50 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy