Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Երևան քաղաքն, ի վերջո, կունենա ռազմավարական նշանակության հարավային պատշաճ մուտք

Երևան քաղաքն, ի վերջո, կունենա ռազմավարական նշանակության հարավային պատշաճ մուտք

unnamedԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային այցի շրջանակում ծանոթացել է Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված Արշակունյաց պողոտա – Շիրակի փողոց – Արտաշատի խճուղի ճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքին, որն իրականացվում է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ՝ քաղաքային կայուն զարգացման ծրագրի շրջանակներում: Երևան քաղաքի շրջանցիկ ճանապարհի կառուցման համալիր ծրագրի մասը կազմող նոր ճանապարհի հիմնական նպատակն է քաղաքի հյուսիսային և հարավային մուտքերի միջև սահուն կապ հաստատելով տրանսպորտային հոսքերից բեռնաթափել Երևան քաղաքի կենտրոնը:

«Բազմիցս առիթ ունեցել եմ նշելու, որ մայրաքաղաքի կենտրոնը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելու խնդիրը մեզ համար առաջնահերթ լուծում պահանջող օրակարգային հարց է: Այդ համատեքստում էլ մենք Ասիական զարգացման բանկի աջակցությամբ, քաղաքային կայուն զարգացման ծրագրի շրջանակներում 2014 թվականի հունվարից մեկնարկեցինք տասնամյակներ շարունակ Երևանի գլխավոր հատակագծով նախատեսված մայրաքաղաքի շրջանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքները: Արդեն ինքներդ էլ համոզվեցիք, որ Ծրագրի 1-ին տրանշի շրջանակում նախատեսված աշխատանքներն ավարտական փուլում են, և մոտ մեկ ամսից 5 կիլոմետրանոց այս ճանապարհահատվածը կհանձնենք շահագործման: Ի դեպ, արդեն կարող ենք նաև վստահ ասել, որ Երևան քաղաքն, ի վերջո, կունենա ռազմավարական նշանակության հարավային պատշաճ մուտք, ինչը տասնամյակներ շարունակ, իրոք, երազանք է եղել», – նշել է քաղաքապետը:

Պատասխանատուները քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցել են, որ տրանսպորտային հոսքերի անընդհատ երթևեկություն ապահովելու նպատակով կառուցվել է 270մ երկարությամբ ուղեանց (էստակադա)՝ Արտաշատի խճուղու երկաթուղային գծանցի վրայով: Միաժամանակ Շիրակի փողոցի և Արշակունյաց պողոտայի հատման մասում կառուցվել է հողային լիցքով շրջանաձև երթևեկությամբ երկու ուղեանցերով ճանապարհ` Նորագավթի 1-ին փողոցի և դրան զուգահեռ անցնող երկաթուղային գծանցի վրա: Հիմնական ճանապարհը բաղկացած է 4 երթևեկելի գոտիներից, իսկ հարակից բնակելի տների համար կառուցվել են լրացուցիչ երթևեկելի գոտի և սպասարկման ճանապարհ: Արտաշատի խճուղու վրա կառուցվել է նաև վերգետնյա հետիոտնային անցում, որն առաջին անգամ Երևան քաղաքում ապահովված կլինի հաշմանդամների համար նախատեսված վերելակներով:

«Ճանապարհաշինական այս աշխատանքների կարևոր ձեռքբերումներից մեկն էլ համարում եմ այն, որ ճանապարհի տակ եղած բոլոր կոմունիկացիաները մենք հնարավորին դուրս ենք բերել երթևեկելի հատվածի տակից, ինչն իր հերթին երաշխիք է, որ դրանց հնարավոր վթարների դեպքում ճանապարհի ծածկույթը չի քանդվի վթարները վերացնելիս: Միանշանակ կարող ենք ասել, որ ունենք իսկապես եվրոպական չափորոշիչներին համապատասխան ճանապարհ, որը, համոզված եմ, շատ երկար ու արդյունավետ կծառայի մեր բնակիչներին», – նշել է քաղաքապետը:

Առանձնակի կարևորելով մայրաքաղաքում ճանապարհաշինական խոշոր ծրագրերի իրականացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև նշել է, որ նորակառույց այս ճանապարհն ունենալու է իր տրամաբանական շարունակությունը, որի մեկնարկն արդեն տրված է:

«Հաջորդ փուլով՝ Ծրագրի 2-րդ տրանշի իրականացման արդյունքում, մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերը կկապվեն իրար: Այդ համատեքստում արդեն սկսվել են Շիրակի փողոցից դեպի Արգավանդի հատված տանող ճանապարհի շինարարական աշխատանքները, որի շրջանակում նախատեսված է նաև Հրազդան գետի վրա 252 մետր երկարությամբ կամրջի կառուցում, որը կկրի «Էրեբունի-Երևան 2800» անունը և կնվիրվի Երևանի 2800-ամյակին: Արդեն կայացել է նաև Դավթաշեն-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների մրցույթը, և այժմ պայմանագրի կնքման փուլում ենք, ու արդեն հաջորդ տարվա սկզբին կմեկնարկեն նաև այդ հատվածի շինարարական աշխատանքները: Պատրաստ են նաև Բաբաջանյան փողոց – Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի մրցութային փաստաթղթերը և մոտ ժամանակներս  կհայտարարենք մրցույթը: Համոզված եմ, որ կարևոր այս ճանապարհաշինական ծրագրերի ավարտից հետո զգալիորեն կբեռնաթափվեն մայրաքաղաքի կենտրոնական փողոցները»,- նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ մայրաքաղաքի շրջանցիկ ճանապարհի շինարարությունն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել 2019 թվականին, ինչի արդյունքում կունենանք Երևանի հյուսիսային և հարավային մուտքերն իրար կապող 23 կիլոմետր երկարությամբ եվրոպական չափորոշիչներին համապատասխանող ճանապարհ:

Դիտվել է 60 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy