Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Գևորգ Ալթունյանը կփոխարինի Սերժ Սարգսյանի մորաքրոջ որդուն

Գևորգ Ալթունյանը կփոխարինի Սերժ Սարգսյանի մորաքրոջ որդուն

Gevorg-Altunyan1Այսօր պարզ դարձավ, որ Հանրային հեռուստաընկերության կադրային փոփոխությունների արդյունքում աշխատանքից ազատվել է լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն Գեւորգ Ալթունյանը:

 Ըստ շրջանառվող լուրերի վերջինս առաջիկայում հնարավոր է նշանակվի  Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ՝ այդ պաշտոնում փոխարինելով ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական Վարդան Ավետիսյանին: Վերջինս, հիշեցնենք, Սերժ Սարգսյանի մորաքրոջ որդին է:

Գեւորգ Ալթունյանը armtimes.com-ին ասաց, որ դեռ վերջնական որոշում չի կայացրել Պաշտպանության նախարարության հետ կապված:

- Պարոն Ալթունյան, ո՞րն է Հանրային հեռուստաընկերությունից հեռանալու պատճառը:

- Ես ստացել եմ այլ առաջարկ՝ անցնելու շատ ավելի կարեւոր եւ շատ ավելի պատասխանատու աշխատանքի: Որոշում եմ կայացրել, որ պետք է ընդունեմ այդ առաջարկը:

- Ի՞նչ առաջարկ է:

- Առաջիկա երկու օրվա ընթացքում, մինչեւ չհստակեցվի, չեմ կարող ասել:

- Ըստ մամուլի տեղեկությունների, Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնում եք նշանակվելու, համապատասխանո՞ւմ է իրականությանն այս տեղեկատվությունը:

- Ես խնդրում եմ եւս երկու-երեք օր սպասեք, մինչեւ վերջնական հստակեցվի:

- Իսկ ձեր առաջարկը ՊՆ-ի՞ց է:

- Ոչ միայն այնտեղից: Պետական տարբեր կառույցներից, մասնավոր հատվածից: Բայց, քանի դեռ վերջնական որոշում չունեմ, չնշենք:

- Ինչպե՞ս եղավ, որ միանգամից այդքան առաջարկներ ստացաք:

- Գիտեք, միանգամից չէր: Ժամանակի ընթացքում անընդհատ առաջարկում էին:

- Կշարունակե՞ք Հանրային հեռուստաընկերությունում հաղորդում վարել:

- Չէ, որովհետեւ ենթադրում եմ, որ աշխատանքի ծանրաբեռնվածության պատճառով ժամանակ չեմ ունենա զբաղվելու հեռուստատեսային հաղորդումներով:

Նշենք, որ Գեւորգ Ալթունյանին Հանրային հեռուստաընկերությունում փոխարինելու է Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության նախկին տնօրեն, դաշնակցական Հարություն Հարությունյանը:

Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրային հեռուստաընկերության ղեկավարության կողմից ստացել եմ առաջարկ ստանձնել Հանրային Հեռուստաընկերության քաղաքական եւ լրատվական հաղորդումների բաժնի կառավարումը: Չեմ մերժել առաջարկը: Ավելին, ընդունելով այն, ուզում եմ տեղեկացնել, որ «առաջին լրատվականը» (խնդրում եմ չշփոթել 1in.am-ի հետ) առաջիկայում կունենա նոր ղեկավար:
Հ.Գ. Խնդրում եմ չշնորհավորել»:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Ալթունյանին առաջարկվել է փոխարինել Վարդան Ավետիսյանին: «Եթե նման բան լինի, կլինի հրաման, եթե չկա հրաման, ես չեմ կարող մեկնաբանել»,- պատասխանեց նա:

Աղբյուր` armtimes.com

Դիտվել է 1,561 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy