Home » Real Politik » Սերժ Սարգսյանը՝ Մանվել Գրիգորյանին «ոչնչացնելու» ծրագիր ունի

Սերժ Սարգսյանը՝ Մանվել Գրիգորյանին «ոչնչացնելու» ծրագիր ունի

11Հայաստանում ընտրություններից առաջ հետաքրքիր քաղաքական զարգացումներ են տեղի ունենում: Նախագահ  Սերժ Սարգսյանը փորձում է ստեղծել մի իրավիճակ, երբ ՀՀԿ-ական ամենազադեցիկ և ամենաաղմկահարույց դեմքերը չեն կարողանալու հարցեր որոշել: Սրան գումարած նրանք ստիպված են լինելու նաև համակարգի համար ձայներ ապահովել:

Այս ամենը կյանքի կոչելու համար Սերժ Սարգսյանը առաջին հերթին բոլոր այդ դեմքերին ցույց է տալիս, որ իրենք այդքան էլ անձռնմխելի չեն և այդքան էլ ամենակարող չեն: Այս տրամաբանության մեջ հատուկ գործողություն է իրականացվել նաև ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կլանի նկատմամբ:

Գեներալ Մանվելի առաջին դասը իհարկե Էջմիածնի քաղաքապետի ընտրություններն էին: Մեր տեղեկություններով գեներալ Մանվելի որդու դեմ իր թեկնածությունն առաջադրած Արթուր Թումանյանին առաջադրվելու հրահանգ տրվել է իշխանության որոշակի շրջանակաների կողմից: Իհարկե նրան ասել են, որ ինքն անցնելու հնարավորություն չունի և դա պարզ է եղել հենց սկզբից: Արթուր Թումանյանի խնդիրը եղել է մեկը՝ գործի գցել Մանվել Գրիգորյանին «ոչնչացնելու» ծրագիրը: Նա պետք է աներ ամեն բան, որպեսզի Մանվել Գրիգորյանի թիմը իրեն հարմարավետ չզգա և չկարծի, թե Էջմիածինն իր կալվածքն է:

Երեկ հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 16-ին Էջմիածնի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Թումանյանի, նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդու՝ Ստեփան Աբգարյանի և ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդիների՝ Կարեն և  Արման Գրիգորյանների կողմնակիցների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի դրվագն առանձնացվել է և քրեական գործ է հարուցվել:

Այս քրեական գործն էլ հենց լինելու է այն գործիքը, որով զսպելու են Մանվել Գրիգորյանի ախորժակը և առաջիկա ընտրություններում նա ստիպված կլինի առավելագույնս տքնաջան աշխատել, որպեսզի հանկարծ գործին ընթացք չտրվի: Այս պատմությամբ Գրիգորյանները իրենց համար փակեցին նաև Կարեն Գրիգորյանի Արմավիրի մարզպետ դառնալու թեման:

Հ.Գ. Շախմատիստ Սերժ Սարգսյանի բազմաքայլ պրոցեսի զոհերը չեն սահմանափակվում միայն Գրիգորյաններով: Նույն կերպ զսպվել և զսպվելու են մի շարք հայտնի ՀՀԿ-ականներ:

Դիտվել է 4,602 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy