Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Գագիկ Մելիքյանի հայտարարության պատճառով ՀՀԿ-ականը լքում է կուսակցության շարքերը

Գագիկ Մելիքյանի հայտարարության պատճառով ՀՀԿ-ականը լքում է կուսակցության շարքերը

700Բաց նամակ Գագիկ Մելիքյանին
Պարոն Մելիքյան
Չէի անդրադառնա Ձեր ելույթին, ինչպես չէի անդրադառնում ամենատարբեր տրամաչափի կուսակցական գործիչների նմանատաիպ, երբեմն՝ էլ ավելի «դարակազմիկ» մտքերին, չնայած շուրջ երկուսուկես տարի է, ինչ ազատ եմ քաղաքացիական ծառայողի կարգավիճակից բխող քաղաքական զսպվածության սահմանափակումներից: Որոնք, ի դեպ, միշտ պահպանել եմ, երբեք չօգտագործելով համեստ պաշտոնս և չմիջամտելով երկրում տեղի ունեղող քաղաքական գործընթացներին…հասկանում եք, ինչ ի նկատի ունեմ: Այս անգամ չհամբերեցի: Պատճառը՝ Ձեր կողմից արտաբերած «տականք» բառն էր: Հուսով եմ, այն օգտագործել եք, հասկանալով այդ բառի իմաստը…չնայած, այդ դեպքում՝ ավելի վատ Ձեզ համար:

Գիտեք՝ ինչն է զարմանալի: Կարծեք մենք բոլորս էլ ապրում ենք նույն երկրում, շնչում նույն օդը, կարծեք՝ մեծ հաշվով բոլորիս ցանկությունն է տեսնել Հայաստանը իրոք անկախ, հզոր բանակով, կայուն տնտեսությամբ, առողջ և ապահով սերնդով, արցախյան հիմնահարցի վերջնական և հայանպաստ լուծմամբ: Այս ամենին հասնելու համար ընդամենը պետք է համախմբել այս մի բուռ ժողովուրդը, ներառյալ՝ Սփյուռքը, վստահություն ստեղծել ազգի մոտ, որ մենք ունենք իրոք ուժեղ իշխանություն, ուժեղ պետություն, որը տեր է իր ժողովրդին: Տեր է ոչ միայն հարուստին և ուժեղին, այլ նաև՝ աղքատին և թույլին, նաև այլ կերպ մտածողին: Սակայն Դուք և Ձեր նմանները դրա փոխարեն արեցիք ամեն ինչ, որպեսզի անջրպետ…ոչ…խորը անդունդ ստեղծեք ձեր և ժողովրդի միջև…մի մասդ մտածված, մյուսներդ՝ նույնիսկ չգիտակցելով դա: Ձեր իրական ուղենիշը դարձավ ոչ թե կուսակցության նախահայր Նժդեհի գաղափարախոսությունը, այլ «մեր դեմ խաղ չկա» կարգախոսը, որը ժամանակին շրջանառության դրվեց ըստ իս՝ մեր պետության ծպտված թշնամիների կողմից և դարձավ պետական քաղաքականության կարմիր գիծը: Սա՝ իմիջիայլոց…

Պարոն Մելիքյան…հասկանու՞մ եք…լուրջ քաղաքական պաշտոն զբաղեցնող քաղաքացուն, առավել ևս՝ իշխող կուսակցության կարկառուն դեմքերից մեկին, հարիր չէ իր ժողովրդի մի մասին, թեկուզ և 50 հոգուն, անվանել տականք: Նախ՝ որովհետև Ձեր կողմից վիրավորած մարդիկ նույնպես այս երկրի քաղաքացի են և օգտվում են Սահմանադրությամբ ամրագրված խոսքի իրավունքից: Նրանք ընդամենը մտածում են այլ կերպ, քան Դուք: Իսկ հետո, քանի որ տականք կարելի է անվանել մարդասպանին, երեխա պղծողին, բանակից վառելիք և սննդամթերք գողացողին, իր ժողովրդին կեղեքողին, երկրի անվտանգությունը սասանողին…բայց ո՛չ Ձեր կողմից նշված մարդկանց: Եվ, ի դեպ, այդ մարդիկ, դրանց թվում նաև ես, շատ ճիշտ են մտածում, քանի որ հում և լավ չմտածված է այս առաջարկը: Թեկուզ և այն պարզ պատճառով, որ եթե մեր երկրի ողջ բնակչությունը, ներառյալ՝ երեխաներն ու թոշակառուները, յուրաքանյուր ամիս վճարեն այդ 1000-ական դրամը, այդ թիվը կկազմի մոտավարապես ԱԺ մեկ պատգամավորի ծառայողական մեքենայի տարեկան սպասարկման ծախսը: Լավագույն դեպքում: Դրա՞ն էիք նայում: Վստահ եմ՝ չկա Հայաստանում և նրա սահմաններից դուրս մի մարդ, որը չցանկանա օգնել մեր փառապանծ բանակին, նաև՝ նյութապես: Ինքս, արդեն երկար ժամանակ չունենալով հիմնական աշխատանք, պատրաստ եմ յուրաքանչյուր ամիս տրամադրել այդ գումարի հնգապատիկը: Ուղղակի խղճիս թելադրանքով: Բայց ոչ հերթական խեղկատակ օրենքը գործի դնելով և գումարի չնչինությամբ զվարճացնելով մեր երկրի թշնամիներին: Հա, ի դեպ…օրերս մի մեծահարուստ սփյուռքահայ տիկին Առաջնորդարանին նվիրաբերեց 4 միլիոն ԱՄՆ դոլար: Այպիսի մարդկանց հետ աշխատանքներ տարեք…եթե կարող եք, կամ ավելի ճիշտ՝ եթե հավատ կներշնչեք նրանց մոտ, որ այդ գումարով հերթական պաշտոնյայի դղյակը չի կառուցվի:
Հաջորդը. Ինչ վերաբերում է Ձեր կողմից նշած 50 թվին…դուրս եկեք փողոց և զրուցեք մարդկանց հետ: Ոչ թե հերթական ընտրության շեմին նախաձեռնած փիառ ակցիայի շրջանակներում, այլ որպես երկրի շարքային քաղաքացի՝ մտերմիկ զրույցի ձևաչափով: Որի դեմ խաղ կա…և կհասկանաք, որ այդ թիվը պետք է բազմապատկեք առնվազն երեսուն հազարով…եթե ոչ ավելի: Ընդ որում, վստահեցնում եմ, որ այս թեման սահուն կերպով կփոխակերպվի շատ ավելի առարկայական և բովանդակալից զրույցի: Հա, այս բառերը հեգնանքով եմ արտաբերում…իսկ եթե լուրջ՝ չեմ կարծում, որ այդ դեպքում կհամարձակվեք այդքան մարդկանց «տականք»անվանել:

Եվ վերջինը. Կյանքում ամեն ինչին կա սկիզբ և վերջ: Վերջ ասածը, եթե այն չի ազդարարում մարդու ֆիզիկական ոչ ևս լինելը, նշանակում է, որ նա հասել է մի սահմանի, երբ արդեն չի կարող համակերպվել իր համար մեծ նշանակություն ունեցող փաստերի կամ իրադարձությունների հետ: Իմ պարագայում դեռևս այս դեպքն է: Այս պրեամբուլայից հետո ցանկանում եմ պաշտոնապես հայտարարել, որ դուրս եմ գալիս Հայաստանի Հանրապետական կուսակցության շարքերից: Պատճառաբանությունը՝ հավատի այլևս իսպառ բացակայություն:
Նամակիս վերջում, քանի որ ինձ համարում եմ կիրթ մարդ՝ հարգանքներիս հավաստիքը

Արմեն Պապյան 
ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր գործիչ, Գարեգին Նժդեհ շքանշանակիր

Untitled-1 copy - Copy - Copy