Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին

collageԼեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հինգշաբթի օրը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին:

Ըստ Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, ուղերձում մասնավորապես ասված է. – «Մեծարգո՛ պարոն Թրամփ, Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Արցախում ԱՄՆ-ն համարում են բարեկամ երկիր, պետություն, որտեղ ապրում է հայկական ամենամեծ համայնքներից մեկը:

Արդեն քառորդ դար է, ինչ մեր ժողովուրդը պայքարում է իր ազատության և անկախության համար, կառուցելով ժողովրդավարական ու ինքնիշխան պետություն և քաղաքացիական հասարակություն, արժեքներ, որոնք նաև ամերիկացիների համար հանդիսանում են հիմնարար ու սկզբունքային:

Միացյալ Նահանգները, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը, մեծ դերակատարություն ունի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորման գործում: Վստահ եմ, որ Ձեր նախագահության օրոք Ամերիկան կշարունակի իր այս կարևոր առաքելությունը` այսուհետ ևս նպաստելով մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանն ու ամրապնդմանը:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների ողջ ժողովրդին, մաղթում եմ խաղաղություն, բարօրություն, հաջողություններ ու ամենայն բարիք»:

Untitled-1 copy - Copy - Copy