Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Արփինե Հովհաննիսյանի կողմից ներկայացված նախագիծը ընդունվեց

Արփինե Հովհաննիսյանի կողմից ներկայացված նախագիծը ընդունվեց

արփիկՀՀ կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց օրենսդրական մի նախագիծ՝ պայմանավորված ծննդի և մահվան մասին բժշկական վկայականներ ստանալու հետ կապված գործառույթները պարզեցնելու և քաղաքացիներին պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը բարելավման անհրաժեշտությամբ:

Նախարարի խոսքով՝ որոշման ընդունումը թույլ կտա վերացնել քաղաքացիների կողմից երեխայի ծննդի և քաղաքացու մահվան բժշկական վկայականը ՔԿԱԳ մարմիններ ներկայացնելու պահանջը։

«Նախագծի համաձայն՝ բժշկական հաստատություններում պետք է ներդնել ծննդի և մահվան բժշկական վկայականների պատրաստման էլեկտրոնային միասնական համակարգ, ինչը թույլ կտա ավտոմատացնել և միասնականացնել բժշկական անձնակազմի գործառույթները և կրճատել այդ գործառույթների կատարման ժամկետները»,-ասաց նախարարը և հավելեց, որ դրանով ՔԿԱԳ մարմիններին հնարավորություն կընձեռվի ծնունդ կամ մահ գրանցելու նպատակով ներբեռնել ծննդի և մահվան մասին բժշկական վկայականները՝ շրջանցելով մի շարք անհարկի գործառույթների կատարումը:

Բացի այդ, Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ կկրճատվեն բժշկական վկայականների տրամադրման հետ կապված մի շարք գործառույթներ, կբացառվի ծննդյան կամ մահվան գրանցումներ կատարելիս անձանց վերաբերող տվյալների թերությունների, վրիպակների կատարման ռիսկը, տվյալների հակասությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բժշկական հաստատություններն իրենց հերթին բժշկական վկայականները բեռնելիս օգտվելու են նաև ՔԿԱԳ էլեկտրոնային միասնական կառավարման համակարգում և բնակչության պետական ռեգիստրում արդեն իսկ առկա անձնական տվյալներից։

Արդարադատության նախարարը նշեց, որ ներկայացվող նախագծի համաձայն՝ կբարելավվի բժշկական վիճակագրությունը, կբացառվի ծնված և գրանցված երեխաների, ինչպես նաև բժշկական հաստատություններում գրանցված մահերի և ՔԿԱԳ մարմիններում գրանցված մահերի միջև վիճակագրական տարբերությունները, հնարավորություն կընձեռվի երեխայի ծննդյան կամ անձի մահի՝ ՔԿԱԳ մարմիններում չգրանցելու դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկել, հնարավորություն կստեղծվի ռեալ ժամանակում ծնունդների և մահերի, մահվան բժշկական պատճառների վերաբերյալ ունենալ անհրաժեշտ տեղեկատվություն:

Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ համակարգն արդեն փորձնական ռեժիմով տեղադրվել է Երևան քաղաքի, Շիրակի, Տավուշի, Լոռու մարզերի բժշկական հաստատություններում, ներկայում համակարգը տեղադրվում է Գեղարքունիքի և Արմավիրի մարզերի բժշկական հաստատություններում: Նախատեսվում է համակարգը ամբողջությամբ տեղադրել շուրջ 400 բժշկական հաստատություններում և գործարկել 2017թ. հունվարի 1-ից:

Նախագիծն ընդունվեց:

Untitled-1 copy - Copy - Copy