Home » ՊԱՇՏՈՆԱԿԱՆ » ԱՄՆ-ն վերահաստատում է իր աջակցությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը

ԱՄՆ-ն վերահաստատում է իր աջակցությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը

55426«Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և գործող Նախագահի անձնական ներկայացուցչին և գնահատում ենք նրանց անխախտ ներգրավվածությունը կողմերի հետ միասին՝ առաջ մղելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը»:
Այս մասին նշված է ԵԱՀԿ-ում ԱՄՆ Մշտական ներկայացուցիչ Դենիել Բիրի՝ ԵԱՀԿ-ի Մշտական խորհրդի նիստում հղած ուղերձում, հայտնում է panorama.am-ը:

«Միացյալ Նահանգները անհանգստացած էր ապրիլին շփման գծում բռնության աճով և մտահոգված էր դաժանությունների մասին հաղորդումներով: Որպես համանախագահ երկիր՝ Միացյալ Նահանգներն անմիջապես քայլեր ձեռնարկեց լարվածությունը մեղմացնելու ուղղությամբ: Պետքարտուղար Քերին նախաձեռնեց մայիսի 16-ին Վիեննայում 3+2 ձևաչափով հանդիպում՝ գիտակցելով, որ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի միացյալ ջանքերն ամենաբարձր մակարադակով կարող են օգնել կողմերին՝ դադարեցնել բռնությունը և առաջ մղել խաղաղ գործընթացը: Գագաթաժողովն ունեցավ շոշափելի արդյունքներ: Կողմերն վերահաստատեցին իրենց հարգանքը հրադադարի ռեժիմի պահպանման հետ կապված, և իրականում, իրավիճակը շփման գծում նշանակալիորեն հանդարտվեց:

Միացյալ Նահանգներն աջակցում է վստահության կառուցմանն ուղղված միջոցառումներին և հայերի ու ադրբեջանցիների միջև մեծացող երկխոսությանը, որը կարող է օգնել կայունացնել անվտանգային դրությունը և ստեղծել ավելի կառուցողական մթնոլորտ բանակցությունների համար»,- ասված է ուղերձում:

ԱՄՆ Մշտական ներկայացուցիչը ևս մեկ անգամ ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չլինելու հանգամանքը՝ բացառելով խնդրի ռազմական ճանապարհով լուծման տարբերակը:

«Մենք կիսում ենք կողմերի այն դժգոհությունը, որ այս հակամարտությունը տևական ժամանակ է ինչ շարունակվում է: Այս հակամարտությանը չկա ռազմական լուծում: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ն խորապես հանձնառու է, ինչպես այս առավոտ շեշտել է դեսպան Ուորլիքը, աշխատել կողմերի հետ՝ գտնելու հակամարտության խաղաղ և տևական լուծում»,- նշել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դենիել Բիրը:

Untitled-1 copy - Copy - Copy