Ֆինանսական սկանդալ ոստիկանությունում

Ֆինանսական սկանդալ ոստիկանությունում«Ոստիկանությունն  ինքն է  սննկացրել իրեն պատկանող ընկերությունը»:

Այսօր՝ հուլիսի 17-ին, «Ժողովուրդ» թերթն անդրադարձել է ՀՀ ոստիկանությանը պատկանող (100 տոկոս բաժնեմասով)  «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ի վերաբերյալ  Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 8-ի վճռին: Որով կարի արտադրություն իրականացնող ընկերությունը սնանկ է ճանաչվել: Թերթը հիշեցրել է, որ ՀՀ ոստիկանության 100 տոկոս մասնակցությամբ այս ընկերությունը ժամանակին մասնակցում էր պետական գնումներին,  սակայն 2009-2013 թվականների ընթացքում էապես նվազել են ընկերության հիմնական գծով արտադրանքի իրացման ծավալները: «Եվ 2012 թվականի տարեկան հաշվետվության համաձայն՝ ընկերության վնասը կազմել է 55,2 մլն դրամ: Այս կարի արտադրամասն արդեն երկու տարի է, ինչ փակված է, աշխատակիցների մի քանի ամսվա աշխատավարձը չի վճարվել, նրանց մեծ մասն էլ դարձել է գործազուրկ»,- նշել է թերթի հոդվածագիրը:

 

Այս սնանկության գործը տարօրինակ է թվում հենց սկզբից, քանի որ ընկերության շենքը 2013 թվականին ինչ-ինչ խնդիրների պատճառով վաճառվեց:

Այս ընկերության գործունեությունը սնանկության հասցնելու վարկած է առաջ քաշվում, քանի որ ՀՀ ոստիկանությունը, լինելով 100 տոկոս բաժնետեր չի պահպանել արտադրական այս ձեռնարկությունը և 2014 թվականին 1.7 մլն դոլար արժողությամբ համազգեստ է պատվիրել այլ ընկերություններից: Այս ընկերության գործունեությունը սնանկության հսացնելու վարկած է առաջ քաշում, քանի որ ՀՀ ոստիկանությունը լինելով 100 տոկոս բաժնետեր չի պահպանել արտադրական այս ձեռնարկությունը  և  2014 թվականին 1.7 մլն դոլար արժողությամբ համազգեստ է պատվիրել այլ ընկերություններից: Մի կողմ դնենք այն հարցը, թե արդյո՞ք անհրաժեշտ էր նոր համազգեստ կամ համազգե՞ստն էր, որ թույլ չէր տալիս ոստիկանությունում բարեփոխումներ իրականացնել և այլն ու անդրադառնանք, թե ինչու սնանկության տարան այս ընկերությունը:

2014 թվականի սեպտեմբերին Ոստիկանությունը  տեղեկատվություն է տարածել, որի համաձայն՝  ՀՀ ոստիկանության կարիքների համար 2014 թվականի ընթացքում համազգեստ եւ պարագաներ ձեռք բերելու նպատակով հատկացվել է 684.0 միլիոն դրամ, որից 484.0 միլիոն դրամը՝ բյուջետային միջոցներին, իսկ 200.0 միլիոնը՝ արտաբյուջետային միջոցներից, իսկ համազգեստը կարելու պատվերն իրականացրել են «Քանաքեռի կարի ֆաբրիկա» ՍՊԸ-ն, «Նարեկ» ԲԲԸ-ն, «Գդակ» ՍՊԸ-ն և «Աշոտ Ղարագյոզյան» ՍՊԸ-ն, իսկ համազգեստի կտորը ներմուծել է նույն «Քանաքեռի կարի ֆաբրիկա» ՍՊԸ-ն:

Նշենք, որ Վլադիմիր Գասպարյանի, որպես ոստիկանապետ  1-ին համազգեստը (գեներալի)  2011 թվականին նույնպես կարվել է «Քանաքեռի կարի ֆաբրիկայում»:

2014 թվականի նոյեմբերի 13-ին լուծարվող «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ի արդեն նախկին աշխատակիցները կառավարության դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել և նրանցից մեկը հայտարարել էր.« Մեր կարի արտադրամասի շենքը վաճառել էին, այդ իսկ պատճառով էլ  լուծարեցին: Չգիտեմ՝ ինչ պատճառով, բայց ակնհայտ էր, որ մեր ֆաբրիկայի լուծարումը պատահական չէր: Երևի պատահական չէր նաև Բեկչյան Սամվելին տնօրեն նշանակելու հանգամանքը, որի գալուց հետո ամեն ինչ խառնվեց իրար: Գասպարյան Վովայի նշանակվելուց հետո մեր հիմնարկն այդ օրն ընկավ: Ինքը բերեց ու Բեկչյանին  նստեցրեց տնօրեն»:

Վլադիմիր Գասպարյանը ՀՀ ոստիկանապետն է  2011 թվականի նոյեմբերի 1-ից, իսկ «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ում ճգնաժամը սկսվել է 2012 թվականից և հարց է առաջանում, եթե ոստիկանությանը հարկավոր էր նոր համազգեստ, ապա ինչո՞ւ այն չպատվիրվեց հենց այս ընկերությունում, ինչու ընտրվեցին այլ ընկերություններ՝ անտեսելով ոստիկանությանը պատկանողը:

Այս հարցերին մենք կանդրադառնանք հաջորդիվ՝  ներկայացնելով  «Քանաքեռի կարի ֆաբրիկա» ՍՊԸ-ի, «Նարեկ» ԲԲԸ-ի, «Գդակ» ՍՊԸ-ի և «Աշոտ Ղարագյոզյան» ՍՊԸ-ի  հնարավոր կապը ոստիկանության հետ: Կանդրադառնանք նաև լուծարված ընկերության նախկին աշխատակիցների աշխատավարձերի հարցին:

 

Վաչագան ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դիտվել է 2,272 անգամ
 


Այս թեմայով