Ֆիլմի ավարտը գիտենք, բայց մինչև վերջ նայում ենք․ Աշոտյանը՝ Սարգսյանի վարչապետ դառնալու մասին

Ֆեյսբուքյան իր էջում տեղադրելով «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցը, որը վերնագրված է «Պատրաստ եմ վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը․ Արմեն Աշոտյան», նա գրել է․

«Բայց մի հետաքրքիր դիտարկում անեմ՝ երբ որ այս հարցը լսում եմ մեր լրատվամիջոցներից, հիշում եմ հետևյալ հանգամանքը՝ կարծում եմ կհամաձայնեք ինձ հետ, շատ դասականների ստեղծագործություններ կան՝ գրքեր, որոնք հետո բեմադրվում են, կամ ֆիլմ են նկարահանվում, բոլորս գիտենք ավարտն ինչպիսին է լինելու դասական գործերի, բայց բոլորս մինչև վերջ այդ ֆիլմերը նայում ենք, կարծում եմ, որ սա այդ դեպքերից է»:

Նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի լիազորություններն ավարտվում են 2018թ․ ապրիլին։ Այդ ժամանակ, ըստ նոր Սահմանադրության, խորհրդարանը պետք է ընտրի երկրի վարչապետին։

2014-ի ապրիլին, երբ Սերժ Սարգսյանը նախաձեռնել էր սահմանադրական փոփոխությունների գործընթաց, հավաստիացնում էր, որ Սահմանադրության փոփոխության դեպքում այլևս երբեք չի հավակնի երկրի ղեկավարի՝ նախագահի, վարչապետի կամ Ազգային ժողովի նախագահի պաշտոնին։

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար․․․ Եթե [նոր սահմանադրության – խմբ․] վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»,- ասել էր Սերժ Սարգսյանը՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը՝ 2014թ․ ապրիլի 10-ին։

Այս թեմայով