Ֆարմանյանը կորցրել է հիշողությունը

Իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբացկության անդամ, պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հանդես է եկել հետաքրքիր հայտարարությամբ և կառավարության գործունեության արդյունավետության նոր չափորոշիչ և գնահատական սահմանել: Նրա խոսքով, դա երկրում անշեղորեն վատթարացող ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված քայլերի արդյունավետությունն է:

«Հայ ժողովրդի և Հայաստանի համար՝ որպես անկախ պետական միավորում, այսօր ավելի կարևոր առաջնահերթություն, քան ժողովրդագրական ներկայիս միտումներն են, պարզապես գոյություն չունի: Երկարաժամկետ հեռանկարում շատ մեղմ է նույնիսկ ճգնաժամ որակում տալը: Ցանկացած անկախ պետության համար իր հզորության չափման բանաձևը՝ ունեցած տարածքից, տնտեսական կարողություններից, անվտանգության երաշխիքներից (զինված ուժեր և այլն) առավել, բնակչության չոր թվաքանակն է, որն ի վերջո պայմանավորում է և՛ այդ տարածքի պաշտպանությունը, և տնտեսության ծավալը, և ածանցյալ այլ բաղադրիչները: Դեմոգրաֆիական միտումները չափազանց մտահոգիչ են, և ցավով եմ նկատում, որ անկախությունից ի վեր հասկանալի և ոչ այդքան հասկանալի պատճառներով, որոշ կղզիացած մտահոգություններ մեկ կողմ դրած՝ խնդիրը չի եղել մեր քաղաքական, գիտական ու մտավորական ընտրանու ուշադրության առանցքում, և կարծում եմ՝ ժամանակն է այս խնդրի վերաբերյալ ձևավորել համազգային համախոհություն՝ արձանագրելու խնդրի գերվտանգավորությունը և գտնելու լուծումներ»,-հայտարարել էր պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Իհարկե կարելի էր անդրադարձ չկատարել Ֆարմանյանի գրեթե մեկ ամիս առաջ արված այս հայտարարությանը, սակայն անդրադարձի կարիք զգացվեց, երբ մարդիկ սկսեցին այս առաջարկին լուրջ վերաբերվել: Իրականում Սամվել Ֆարմանյանի այս հայտարարությունը ոչնչի արժեք չունեն: Ֆարմանյանը ուղղակի պահը օգտագործելով փորձում է քաղաքական դիվիդենտ շահել, հակառակ դեպքում ինչպես կարելի է բացատրել այն, որ պատգամավոր Ֆարմանյանը նույնաբովանդակ հայտարարություն արել է 2013 թվականին: Այն ժամանակ էլ Ֆարմանյանը հայտարարել էր, որ ժողովրդագրական խնդիրը Արցախի խնդրից կարևոր է Հայաստանի համար:

Եվ հիմա Ֆարմանյանի առաջին հայտարարությունից անցել է ավելի քան չորս տարի: Ֆարմանյանը հիմա պետք է ոչ թե նույնաբովանդակ նոր հայտարարությամբ հանդես գար, այլ պետք է հստակ գնահատական հնչեցներ, թե ովքեր են մեղավոր, որ Հայաստանում ժողովրդագրական խնդիրը գնալով ահագնանում է: Հակառակ դեպքում ստացվում է, որ կամ Ֆարմանյանը կորցրել է հիշողությունը, կամ օդ է բաց թողնում:

 


Այս թեմայով