Օֆշորային սկանդալ. «Գազպրոմ Արմենիայի» հաշվապահն ու ՊԵԿ նախագահը ստվերային գործարքի մեջ են

Մեր նախորդ հրապարակումներում մենք արդեն ներկայացրել էինք այն իրավիճակը, որը ստեղծվել է ՊԵԿ-ում կարգոների հետ կապված: ՊԵԿ-ը երկար ժամանակ լռում էր ու չէր մեկնաբանում այն լուրերը, որ կարգոների հետ բանակցում է «Գազպրոմ Արմենիայի» ներկայացուցիչը ու ստեղծվում է նոր գերհզոր, մոնոպոլիստ կարգո ընկերություն։

Պետական եկամուտների կոմիտեն վերջապես որոշել դուրս գալ sleep mode ռեժիմից եվ խոսել կարգոների հետ կապված տեղեկությունների մասին։ Պարզաբանումներ տալու հատուկ առաքելությունը վստահվեց ամենափորձառու կադրերից մեկին՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ, մաքսային համակարգի հին «վոժդ» Սամվել Ավետիքյանին։
Նա ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում հաստատում է լուրերը, որ կարգոների ոլորտում ստեղծվում է նոր ընկերություն, որը գլխավորելու է «Գազպրոմ Արմենիայի» հաշվապահ  Արմեն Ունանյանը։

Բնականաբար, ՊԵԿ փոխնախագահը ամեն ինչ փորձում է ներկայացնել դրական լույսի ներքո — «ինչ անԸմ ենք, երԳրի հըմար ենք անում» տրամաբանությամբ։ Ի՞նչ նոր մոնոպոլիստ, ի՞նչ խլոցի, ի՞նչ թաքնված շահեր։ Ստվերի դեմ պայքարի, փաստաթղթաշրջանառության կարգավորման ու էլի լիքը լիքը լավ բաների համար է ստեղծվում նոր ընկերությունը։

Բայց իզուր — ՊԵԿ-ը ճիշտ կաներ շարունակեր լռությունը, որովհետեվ Ավետիքյանի խոսելը ջրի երես դուրս բերեց գեղեցիկ խոսքերի, «զամաշկաների», պագոնների ու ժիլետների ետեվում թաքնված ամբողջ գաղջը։ Ինչպես ասում են, устами Аветикяна глаголит истина.

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալն իր տված հարցազրույցներում այդպես էլ հստակ չի պատասխանում նոր ընկերության մասին կոնկրետ հարցերին։ Մեկ ասում է այն արդեն ստեղծվել է, մեկ ասում է որ ստեղծվելու է։ Մեկ ասում է, որ հանձնակատար ընկերություն է, եվ որ «Գազպրոմ Արմենիայի» հաշվապահ Արմեն Ունանյանը դրա ղեկավարն է, մեկ հայտարարում, որ իրեն ոչինչ հայտնի չէ։ Մի խոսքով, «լրիվ խառնում է իրար սաղ» — նույն հարցազրույցում մի քանի անգամ հակասելով ինքն իրեն։

Իսկ ամենազավեշտալին այդ ընկերության օֆշորային հետքին վերաբերվող հատվածն է, որտեղ Ավետիքյանը նախ երկար հիմնավորում է, որ օֆշորը այնքան էլ վատ բան չի, հետո ասում որ չգիտի, թե դա օֆշորային ընկերություն է, թե չէ։ Եվ վերջում էլ ՊԵԿ-ից լրացուցիչ պարզաբանում են, որ ընկերությունը օֆշորային չի, գրանցված է Հայաստանում։

Հիմա ուշադրություն — այս ամենը լկտի սուտ է։ կազմակերպությունն արդեն ստեղծված է եվ այն օֆշորայինՆ է։ Սա վաղուց կարող էինք ասել, բայց ՊԵԿ-ի հայտարարություններից հետո սուտն ավելի լավ է երեվում։

Եվ ուրեմն, նոր ստեղծված ընկերության անվանումն է «Նորֆոլկ Քոնսալթինգ»: ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի առցանց բազայում նշված է, որ այն գրանցվել է 2017 թվականի հունիսի 23-ին։
Միակ հիմնադիրը ինչ որ «Նորֆոլկ Պրոջեկտ լփ» անունով կազմակերպություն է։ (Գրանցման հղումն այստեղ)

Ահա այդ Norfolk Project LP-ն կլասիկ օֆշորային ընկերություն է, որը գրանցված է Շոտլանդիայում (բրիտանական օֆշորում): Հասցեն՝ Suite 1 44, Main Street, Douglas, Lanarkshire, Scotland։ Այդ նույն հասցեում գրանցված են եվս մի քանի տասնյակ ընկերություններ։ Norfolk Project-ը գրանցվել է 3 ամիս առաջ՝ մարտի 31-ին։ (Օֆշորային կազմակերպության մասին տվյալներն այստեղ)

ՀՀ ՊԵԿ հարկային ծառայության կայքում նշված է, որ ընկերության հասցեն է Ծովակալ Իսակովի 10 — սա Արարատյան տարածաշրջանային մաքսատան հասցեն է։ Այսքանը բավական է, որ պարզվի ՊԵԿ-ի առաջին եվ ամենամեծ սուտը — ընկերությունը իրականում օֆշորային է։

Եվ ուրեմն, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ, կոչումով գեներալ Սամվել Ավետիքյանը կամ բացահայտ ստում  է, կամ ինքն էլ է անտեղյակ  ՊԵԿ-ի գազային էլիտայի քայլերից։

Բայց Ավետիքյանը նաև ասում է — ի՞նչ վատ բան կա օֆշորի մեջ։ Պրն գեներալ, դուք իրո՞ք չգիտեք օֆշորի վատ կողմերի մասին, միգուցե հարցնեք մյուս գեներալի՞ց (ներկայումս պատգամավոր) — նա ձեզ կբացատրի պանամական օֆշորների օրինակով։

ՊԵԿ-ի թիվ 2 պաշտոնյային հիշեցնեմ, որ գործարարները օֆշորում են ընկերություն գրանցում, եթե չեն ցանկանում բացահայտվել որպես սեփականատեր, չեն ցանկանում բացահայտել, թե ուր են գնում գերշահույթները։ Օֆշորը եվ թափանցիկությունը մեկը մյուսին հակասող բաներ են։

Լրագրողները ճիշտ կանեն ՊԵԿ փոխնախագահին հարցնեն — ազնիվ նպատակներով ստեղծված ընկերությունը ինչո՞ւ է թաքնվում օֆշորում, եթե ամեն ինչ ճիշտ է եվ արդար։ Հետո էլ հարցնեն, եթե օֆշորը վատ բան չի, ինչու՞ եք խաբում ու ասում որ ընկերությունն օֆշորային չի։

Կամ նա ինչու՞ է խաբում ու ասում, որ այդ ընկերությունը ընդամենը հանձնակատար է եվ ներկրումներով ու բեռնափոխադրումներով չի զբաղվելու։ Չգիտի՞, որ «Նորֆոլկ Քոնսալթինգը» հուլիսի 13-ին արդեն ներկրում է իրականացրել, նրա կողմից Մեղրիի մաքսակետից բեռնատար է մտել Հայաստան, ինչը երեվում է մաքսայինի կայքում։

Մի քանի հարց էլ կարող են ՊԵԿ նախագահին ուղղել։ Օրինակ — ու՞մ գլխում է ծագել այն «հանճարեղ» միտքը, որ պետական գործերը, հարկային քաղաքականությունը, փաստաթղթաշրջանառության կարգավորումը ու ստվերի դեմ պայքարը կարելի է իրականացնել մասնավոր օֆշորային ընկերության միջոցով -Մաքսայինի հին «գայլերի՞» թե «Գազպրոմի» ստաժավոր մախինատորների։

Վարչապետ Կարեն Կարապետյանին էլ կարելի է մի քանի հարց տալ — ինքը տեղյա՞կ է, թե ինչով է զբաղված իր ամենավստահելի մարդկանցից մեկը՝ գազի Վարդանը։ Համաձա՞յն է այդ քայլերի հետ։ Ինքը հիշո՞ւմ է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ասում էր, որ կառավարության գործունեության գլխավոր չափանիշը պետք է լինի թափանցիկությունը։ ընդհանրապես գիտի՞, թե ինչ է թափանցիկությունը։

Այն, որ Հայաստանի մաքսային համակարգում մեծ խնդիրներ կան, գաղտնիք չի։ Գաղտնիք չի նաեվ, որ կարգոները այդ արատավոր համակարգի մասն են կազմել ու կազմում։ Բայց սա իրականում կարգոների դեմ պայքար չի, սա ավանտյուրա է, որը ուրիշ նպատակներ ունի եվ խնդիրներն ավելի է խորացնելու, որովհետեվ ստով ստի դեմ չի կարելի պայքարել։

Սա ոչ միայն խայտառակություն է, այլև առանց չափազանցության — Հայաստանի պատմության մեջ ամենահանդուգն ու լկտի օֆշորային սկանդալն է, որովհետեվ  արվում է թափանցիկության եվ ստվերի դեմ պայքարի մասին հեքիաթների անվան տակ։

ՊԵԿ-ում ոտքները ԳԱԶ-ին են դրել ու իրականությունից կտրվել, հայտնել օդերում։ Բայց մոռացել են, որ իրենք ոչ թե նոր թողարկված Բոինգ-ի ղեկին են, այլ հին ու խարխուլ սովետական արտադրության ՅԱԿ-ի, որտեղ Աստված մի արասցե վթարի դեպքում չեն օգնի ոչ ամրագոտիները, ոչ էլ ծյունինգ արած спасательный жилет-ները։

Այս պատմության մնացած մութ կետերն ավելի շատ են ու ոչ պակաս հետաքրքիր, բայց առայժմ այսքանով սահմանափակվենք։ Մնացածը- ՊԵԿի պարզաբանումներից հետո։

Հիշեցնենք, որ նյութում հրապարկված տեղեկությունները ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով մեզ է տրամադրում ՊԵԿ աշխատակից ներկայացող անձ, որը չի ցանկանում ներկայանալ:

 


Այս թեմայով