Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 26 հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում բռնկված հրդեհն ամբողջությամբ մեկուսացվել է, այրվել է միայն նկուղը:

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Ներսիկ Նազարյանը:

Նշենք, որ դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

«Մեր քիմիկներն աշխատում են և կասեն, թե օդի աղտոտվածության աստիճանն ինչպիսին է, բայց անզեն աչքով էլ երևում է, որ վտանգ չկա: Շատ արագ հրդեհաշիջում կատարվեց, հրդեհի տարածման վտանգ չկա, այն ամբողջությամբ մեկուսացված է»,-ասաց նա և նշեց, որ շրջակա միջավայրի համար վնաս չի կարող լինել, քանի որ մոտակայքում բնակելի տներ, շենքեր չկան, հեռու են:

«Կողքը միայն Երևանի քննչական վարչության շենքն է, այդտեղի աշխատակիցները միանգամից տարհանվել են»,-ասաց Նազարյանը նշեց, որ ներսում մարդ չի եղել, աշխատակիցները նոր են ժամանել:

 


Այս թեմայով