Օհանյանը հարգեց զոհերի հիշատակը և պատժեց Նիկողոսյանին

8051392015 թվականին ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմել էր տարբեր պետական գերատեսչություններին, որպեսզի նրանք հետ պահանջեն բոլոր այն մեդալներն ու կոչումներ, որ տրվել են` ռուսաստանաբնակ հայ գործիչ Անդրանիկ Նիկողոսյանին, քանի որ Նիկողոսյանը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է մտնի ՌԴ կազմ:

Երեկ լրատվամիջոցներից մեկը հրապարակեց տեղեկատվություն, ըստ որի չունենալով իրավասություն և համապատասխան ընթացակարգ՝ հետ կանչելու Նիկողոսյանին շնորհված «Անդրանիկ Օզանյան» և «Գարեգին Նժդեհ» մեդալները, պաշտպանության նախարարը Նիկողոսյանից հետ է պահանջել նրան նվիրված անվանական զենքը և մի քանի այլ անվանական նվերներ: Նշենք, որ նախկինում նախարարության և Նիկողոսյանի հարաբերությունները շատ ջերմ են եղել, սակայն Հայաստանի ինքնիշխանության ոչնչացման վերաբերյալ Նիկողոսյանի հայտարարությունները զայրացրել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ինչի արդյունքում էլ նա հետ է վերցրել իր նվերները:

Politik.am-ը փորձեց տեղեկատվությունը ճշտել իր աղբյուրների միջոցով: ՊՆ մեր աղբյուրները հաստատեցին, որ նման քայլ կատարվել է: Ավելին կան տեղեկություններ, որ այլ գերատեսչությունները ևս պատրաստվում են հետ վերցնել իրենց շնորհած հուշանվերները և մեդալները:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Անդրանիկ Նիկողոսյանը, «Հայկական Ժամանակ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, որ ՊՆ-ն իրեն նվիրած անվանական զենքը և մյուս անվանական նվերները հետ չի պահանջել, և դրանք գտնվում են իր մոտ: Ինչ վերաբերում է Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի պահանջին` Նիկողոսյանից հետ վերցնել Աժ-ի շնորհած բարձրագույն պարգևը` Աժ պատվո մեդալը, Հայաստանը Ռուսաստանի կազմ մտցնելու մասին արած հայտարարության համար, Նիկոդոսյանն ասել է, թե ավելի հեշտ է Մարուքյանից մանդատը հետ վերցնել, քան իրենից` իր ստացած պարգևները:

Հ.Գ. Փաստորեն Նիկողոսյանը այլևս անձեռմխելի չէ և պատժի է ենթարկվում ՀՀ իշխանությունների կողմից: Դրական է, որ առաջինը հենց պաշտպանության նախարարն է նման քայլ արել: Սա նաև հարգանքի տուրք է ՀՀ անկախության և սահմանների պաշտպանության համար զոհված զինծառայողների հիշատակին:

Դիտվել է 4,329 անգամ
 


Այս թեմայով