Օլիմպիական չեմպիոնները մեկ միլիոն դոլար արժողությամբ բնակարաններ են ստացել

2016-18894_b_432822152Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հրամանագրով  մրցանակներով պարգևատրվել են Ռիոյի օլիմպիական խաղերում մեդալակիր դարձած հայ մարզիկները և մարզչական անձնակազմի ներկայացուցիչները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռիոյի ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը պարգևատրվել է 1 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ բնակարանով Երևանի Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող բարձրահարկ շենքում:

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Ռիոյի ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը նույնպես ՀԱՕԿ նախագահի հրամանագրով պարգևատրվել է մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ բնակարանով՝ Երևանի Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող բարձրահարկ շենքում:

Ռիոյի ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ծանրորդ Գոռ Մինասյանը պարգևատրվել է 30 միլիոն դրամով և 4 սենյականոց բնակարանով Գյումրիում: Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն էլ պարգևատրվել է 30 միլիոն դրամով:

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը պարգևատրվել է 10 միլիոն դրամով: 4 սենյականոց բնակարանով  պարգևատրվել է նաև Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը պարգևատրվել է 10 միլիոն դրամով: 5 միլիոն դրամով պարգևատրվել է Հայաստանի ծանրամարտի հավաքականի երկրորդ մարզիչ Վիգեն Խաչատրյանը: Ծանրամարտի անձնական մարզիչներ Հակոբ Փիլոսյանը և Աշոտ Փիլոսյանը ևս  պարգևատրվել է 5-ական միլիոն դրամով:

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր խոսքում ընդգծեց, որ Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձից առաջ հայ մարզիկները մեծ պարգև են արել անկախ Հայաստանին և հայ ժողովրդին: «Բրազիլիայում կայացած օլիմպիական խաղերում բարձր ենք պահել Հայաստան պետության պատիվը: Իհարկե, կարելի էր ավելի լավ մասնակցել, սակայն ամենակարևորն այն է, որ մենք կարողացանք նվաճել արծաթե և ոսկե մեդալներ, որոնք 20 տարի է՝ չունեինք: Մենք կարող էինք առնվազն 10 մեդալ բերել օլիմպիական խաղերից, սակայն եղան սպորտային անհաջողություններ: Մեծ աշխատանք է կատարված, և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր պետության ղեկավարությանը՝ ցանկացած հարցում մեր կողքին լինելու համար: Մենք տարեցտարի ուջեղանալով՝ շարժվելու ենք առաջ»,- ասաց ՀԱՕԿ նախագահը:

Ռիոյի օլիմպիական խաղերի մեդալակիր հայ մարզիկներին պարգևատրել է նաև «Տաշիր Գրուպ»-ի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանը: Ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը Սամվել Կարապետյանից ստացել  է 100 հազար դոլար, Միհրան Հարությունյանը՝ 90 հազար դոլար, Գոռ Մինասյանը և Սիմոն Մարտիրոսյանը՝ 30 հազարական դոլար:

 


Այս թեմայով