ՕԵԿ-ը հայտարարություն է տարածել

«Օրինաց երկիր» կուսակցությունը Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել. որով ողջունել է քաղաքական ու քաղաքացիական զարթոնք ապրող հայրենի երիտասարդությանը, քաղաքացիական ակտիվիստներին, ովքեր իրենց «քաղաքացիական շիտակ դիրքորոշմամբ ահազանգում են երկրում կուտակված բազմաթիվ հիմնախնդիրների մասին` ակնկալելով արագ, վճռական և արմատական փոփոխություններ»:

Կուսակցությունը ընդգծում է քաղաքացիական ակտիվիստների, խաղաղ երթերի և ցույցերի մասնակիցների՝ առանց բռնի կոչերի և բռնի գործողությունների պայքարի միտված մարտավարությունը, կարևորում է ազատ լրատվական հանրության և լրագրողների օբյեկտիվ, անաչառ լուսաբանումները, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցների պրոֆեսիոնալ և հասարակության առջև հաշվետու վերաբերմունքը:

Միաժամանակ կուսակցությունը դատապարտում է սադրանքի, ժողովրդին և ոստիկանությանը հրահրելու բախման ենթակա ցանկացած փորձ` այն դիտարկելով որպես իրավիճակը սրելու դավադիր դիրքորոշում:

«Իշխանությունը, հասարակությունը և քաղաքական ուժերն այսօր ճաշակում են 2017թ. ապրիլի լայնամասշտաբ և ռեյտինգային ընտրակաշառքների բաժանման պտուղները` ընտրակաշառք, որ լուծեց պահի խնդիրը, բայց ոչ թե՝ օրեցօր խորացող սոցիալական թշվառության, զանգվածային գործազրկության և ահագնացող տեմպերի հասնող արտագաղթի, ինչը, իրավամբ, դարձել է ազգային անվտանգության հարաճուն սպառնալիք:

Ստեղծված լարված իրավիճակի հանգուցալուծման միակ տարբերակը եղել և մնում է քաղաքական լուծումը, որի իրականացման նպատակով հրատապ է դառնում հստակ քաղաքական օրակարգի ձևավորումը, որի նպատակը պետք է լինի վճռական փոփոխությունների անհրաժեշտությունը որպես քաղաքական հրամայական դիտարկելու անհրաժեշտությունը:

Ելնելով վերոշարադրյալից՝ ‹‹Oրինաց երկիր›› կուսակցությունը կոչ է անում ծավալված քաղաքական և քաղաքացիական ընդվզման բոլոր մասնակիցներին, ոստիկաններին ցուցաբերել քաղաքացիական և քաղաքական զգոնություն, զերծ մնալու համար անցանկալի զարգացումներից, որոնք կարող են հանգեցնել աղետալի հետևանքների:

Հաշվի առնելով, որ ստեղծված իրավիճակի հնարավոր ցանկացած հանգուցալուծում թե՛ բռնությամբ և ձերբակալություններով, և թե՛ հեղափոխական ճանապարհով իրականացումը լուրջ և երկարաժամկետ վտանգներ և ռիսկեր է պարունակում մեր հայրենիքի համար, ‹‹Օրինաց երկիր›› կուսակցությունը կոչ է անում, որպես 20 տարվա խորհրդարանական փորձառությամբ հասունացած քաղաքական ուժ, որն առաջինն էր արտախորհրդարանական ուժերի մեջ 2017թ. ապրիլի 2-ին իր հավաքած քվեների թվով, ձեռնամուխ լինել քաղաքական հարթակի ձևավորմանը, մշակելով իրավիճակի  հանգուցալուծման քաղաքական օրակարգ, որը կարող է ունենալ քաղաքական հանգուցալուծման տարբեր դրսևորումներ,  ներառյալ՝ համընդգրկուն քաղաքական և քաղաքացիական միացյալ պլատֆորմի ձևավորում:

Դա կապահովի և կերաշխավորի նոր և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը ողջամիտ ժամկետներում, որը կարող է դիտարկվել որպես փոխընդունելի քաղաքական հանգուցալուծում և փայլուն հնարավորություն` յուրաքանչյուր քաղաքական ուժի համար դրսևորելու ազատ և արդար ընտրություններում իր տեսակի, գաղափարների մրցակցությունը և Հայաստանում ձևավորել նոր որակի և, ինչու ոչ, նաև երկիրն այս ծանր վիճակից հանելու ի զորու, ժողովրդի վստահությունը վայելող ազգային ներդաշնակության և լայն համախոհության իշխանություն», -ասված է հայտարարության մեջ։

 


Այս թեմայով