Քրեական գործ կհարուցե՞ն Սաշիկ Սարգսյանի դեմ

Սաշիկը փայ է մտել վարորդների ընտանեկան բյուջեին2015 թվականի սեպտեմբերի 18-ին hraparak.am ինտերնետային լրատվական կայքը հրապարակել է <<Շուտ գնա ստեղից, թե չէ դու առանց արգանդի կմնաս. հերթական միջադեպը Սաշիկ Սարգսյանի մասնակցությամբ>> լրատվական նյութը, որտեղ ներկայացվել էր, թե ինչպես է խմբագրություն այցելած կինը պատմել Սաշիկ Սարգսյանի գործողությունների մասին, մասնավորապես նշելով, որ վերջինս բռնություն է գործադրել մի երիտասարդի նկատմամբ, ապա սպառնացել իր հասցեին անեծքներ հնչեցնող տարեց կնոջը՝ <<շուտ գնա ստեղից, թե չէ դու առանց արգանդի կմնաս>> խոսքերով: Տեղեկատվության հիման վրա, վկայակոչելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածը, որի համաձայն ՝ <<Քրեական գործ հարուցելու առիթներ են՝ (….) հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները>>, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գրություն է ուղարկել ՀՀ ՀՔԾ և ՀՀ Գլխավոր դատախազություն: Ի պատասխան՝ ՀՀ ՀՔԾ-ից հայտնել են, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրությունը չի կարող հանցագործության մասին հաղորդում համարվել՝ վկայակոչելով ՀՀ Քրեական դատավարության 190-րդ հոդվածի 6-րդ մասը, որի համաձայն՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը նախաքննություն է իրականացնում օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց՝ իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով: ՀՀ Գլխավոր դատախազությունից դեռևս պատասխան չի ստացվել: Ի դեպ, 2015թ. հոկտեմբերի 9-ին hraparak.am կայքում հրապարակած նյութում նշվում է, որ Ոստիկանության 6-րդ վարչությունն զբաղվում է Ա. Սաքունցի վերոնշյալ դիմումի ճակատագրով՝ պահանջելով նյութի աղբյուրները,: Հատկանշական է նյութում տեղ գտած հետևյալ հատվածը՝ <<իրավապահներն ասում են․ մենք ի՞նչ անենք՝ դիմում կա, եթե ընթացք չտանք, մեզ կմեղադրեն հասարակական կազմակերպության ղեկավարի դիմումն անտեսելու մեջ>>: Փաստորեն, <<Հրապարակի>> այն պնդումները, որ Ոստիկանության 6-րդ վարչությունն զբաղվում է Ա. Սաքունցի վերոնշյալ դիմումի ճակատագրով, ինչպես նաև իրավապահների պնդումները՝ հասարակական կազմակերպության ղեկավարի դիմումը չանտեսելու մասին հիմք են տալիս՝ ենթադրելու, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը և ՀՀ Ոստիկանությունը գործում են որպես մեկ մարմնի ստորաբաժանումներ, քանզի ինչպես նշեցինք, ՀՀ ՀՔԾ-ից ստացված գրությամբ պարզ է դառնում, որ դիմումին ընթացք չի տրվել, առավել ևս ՀՀ Ոստիկանության 6-րդ վարչություն դիմումը չի վերահասցեագրվել, իսկ ՀՀ Գլխավոր դատախազությունը, ինչպես արդեն նշեցինք, դիմումն, առհասարակ, անպատասխան է թողել:

 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

 


Այս թեմայով