Քրդական կուսակցությունների միջև քաղաքացիական պատերազմի վտանգ կա

Իրաքի քրդական ինքնավարության տարածքում քաղաքական իրավիճակը շարունակում է անկայուն մնալ: Հոկտեմբերի 16-ին Իրաքի կենտրոնական կառավարության ենթակայության տակգտնվող շիայական ոստիկանությունը՝ Հաշդե Շաբին, հարձակվեց Քիրկուկ քաղաքի վրա, որը, չնայած համարվում էր վիճելի տարածք քրդերի և արաբների միջև, սակայն 2014 թվականին ԻՊ ահաբեկչական խմբավորման հարձակումից հետո քրդական ինքնավարության վերահսկողության տակ էր անցել։

Քիրկուկի կորուստը մեծ հարված էր ներքրդական համերաշխությանը: Բան այն է, որ Քիրկուկի կորուստը կապված է Քրդստանի «Հայրենասերների միություն» կուսակցության նախկին ղեկավար Ջալալ Թալաբանիի որդու՝ Բաֆլ Թալաբանիի դավաճանական քայլի հետ: Նա, պայմանավորվածության գալով Իրաքի կենտրոնական կառավարության հետ, համաձայնել էր հետ քաշել իր կուսակցության ենթակայության տակ գտնվող զինուժը: Փոխարենը Թալաբանին պահանջել էր առանձին կառավարությամբ նոր ինքնավարության ստեղծում՝ Սուլեյմանիա, Քիրկուկ և Հալաբջի շրջանների հենքի վրա։

Թալաբանիի այս քայլն արդեն իսկ պառակտվածության առաջ է կանգնեցրել քրդական քաղաքական էլիտան: Քրդստանի Դեմոկրատական կուսակցությունը Քիրկուկի կորստի մեջ մեղադրում է հիմնականում Թալաբանիի կուսակցությանը և այդ քայլը համարում դավաճանություն քուրդ ժողովրդի նկատմամբ: Կուսակցության գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Կարասատ Ռասուլը ևս դավաճանություն է անվանել իր կուսակից Թալաբանիի քայլը: Նա հայտարարել է, որ քուրդ ժողովրդի պատմության մեջ այս դավաճանության հեղինակների անունները խայտառակությամբ են հիշվելու:

Քրդստանի «Հայրենասերների միություն» կուսակցության ներսում ևս պառակտվածություն է առաջացել: Կուսակցության հիմքերում կանգնած Մալա Բախտիյարը հայտարարել է, որ սառեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը, քանի որ Թալաբանիի ընտանիքը փորձում է իր կարծիքը փաթաթել կուսակցության վզին: Նա նաև հայտարարել է, որ Բաֆլ Թալաբանիի դավաճանությունը մեծ հարված էր քուրդ ժողովրդին:

Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին ևս հատուկ ուղերձով է հանդես եկել ու հայտարարել է, որ Քիրկուկի կորստի մեջ մեղավոր են նաև քրդերը՝ ակնարկելով Բաֆլ Թալաբանիին և նրան աջակցող զինված խմբավորումներին:

Ներքրդական իրավիճակը շարունակում է շիկանալ: Այսօր Բաֆլ Թալաբանին հանդիպել է Իրաքի վարչապետի հետ և քննարկել տարածաշրջանի հետ կապված հարցեր: Փորձագետները կարծում են, որ ամեն դեպքում Թալաբանին կփորձի առանձին քրդական ինքնավարություն ստեղծել: Այս քայլը քրդական ինքնավարությունում կարող է քաղաքացիական պատերազմի առիթ հանդիսանալ: Քրդական կուսակցությունների միջև ռազմական բախումը հավանական է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Բարզանի և Թալաբանի ընտանիքների կողմից ղեկավարող կուսակցություններն արդեն նման փորձ ունեն: Այս կուսակցությունները զինված բախումների մեջ են եղել 1994 թվականի մայիսից մինչև 1997 թվականի նոյեմբերի 24-ը: Քրդական կուսակցությունների միջև ռազմական բախումը հնարավոր եղավ կանգնեցնել միայն ԱՄՆ-ի միջամտությունից հետո:

Այս պահին էլ շատ փորձագետների կարծիքով՝ նման իրավիճակ է հասունանում: Իրաքի քրդերը դժգոհ են ստեղծված իրավիճակից: Քրդստանի նախագահ Բարզանին պետք է պատժի Քիրկուկի կորստի հետևում կանգնած դավաճաններին, հակառակ պարագայում ինքը կպատժվի քրդերի կողմից: Մինչ այս Քրդստանն ագրեսիվ քարոզչություն էր իրականացնում և հանրությանը համոզել էր, որ թուրքմեններով և քրդերով բնակեցված Քիրկուկը Քրդստանի սիրտն է, և առանց այդ շրջանի չի կարող ստեղծվել քրդական պետություն: Քրդերն այս ամենին անկեղծորեն հավատացել էին ու հիմա հաշիվ են պահանջում իրենց ղեկավարներից Քիրկուկի կորստի վերաբերյալ։

kurdarm.info վերլուծական կենտրոն

 


Այս թեմայով