Քոչարյանին իշխանական քարոզչության մեջ վերապահված է «չարիքի առանցքի» դերը

Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանը չմերժեց 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ նրա փաստաբանների ներկայացած բողոքը: Ըստ այդմ Ռ. Քոչարյանը ոչ միայն ազատվեց կալանքից, այլև՝ նրա փաստաբանների մեկնաբանությամբ, դատարանը արձանագրել է երկրորդ նախագահի օրենքով անձեռնամխելի լինելու հանգամանքը: Կարելի է մոտավորապես պատկերացնել, թե որոշման հրապարակումից հետո ինչպիսի արձագանք է եղել գործող իշխանության մոտ: Միանգամայն հավանական, կամ գրեթե հաստատ է, որ ՀՔԾ-ն կբողոքարկի այս վճիռը Վճռաբեկ քրեական դատարանում:
Այնպես, որ պայքարը դեռ առջևում է, քանզի Քոչարյանը կալանավորի կարգավիճակում շատ պետք է նոր կառավարությանը՝ առնվազն մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները:  Քոչարյանին իշխանական քարոզչության մեջ վերապահված է «չարիքի առանցքի» կամ յոթ գլխանի դևի դերը, իսկ Նիկոլ Փաշինյանը բնակաբար հեքիաթի հերոսն է, որ քաջաբար հաղթում է վիշապին: Միայն թե հեքիաթը շարունակություն ունի և դրա ավարտին «հերոսը» ինքն է վերածվում վիշապի: Բայց վիրտուալ–էպիկական շարժառիթներից բացի իշխանությունը ունի շատ ավելի հողեղեն պատճառներ, դրանցից ամենակարևորը հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական կացությունն է, որը հեղափոխությունից հետո ամենևին չի բարելավվել, այլ ճիշտ հակառակը:

 
Հենց իշխանական խոսափողներն են խոստովանում, որ առաջին անհրաժեշտության ապրանքների էժանացում անցած ժամանակահատվածում գրեթե տեղի չի ունեցել: Մոնոպոլիստներից հաջողվել է իբր ազատել միայն բանանի և շաքարավազի շուկանները ու այդ երկու ապրանքատեսակների էժանացում իսկապես կա: Բայց բանանը առաջին անհրաժեշտության ապրանք չէ, իսկ ասենք՝ կարագի շուկայում ոչ մի փոփոխություն համառորեն չի արձանագրվում: Չնայած այն իրողության, որ միջազգային շուկայում կարագի էժանացում վերջերս նկատվեց, Հայաստանում գները մնացի անփոփոխ: Կամ կառավարությունը երեք ամսվա ընթացքում չի կարողացել հայտնաբերել կարագի մենաշնորհի տերերին, կամ էլ այդ տերերը համապատասխան կարգով լեզու են գտել նոր իշխանության հետ:
 
Հիմա արձանագրված թանկացումների մասին՝ թվերով: Մինչև մայիսի ութը, երբ Փաշինյանը դարձավ վարչապետ, 400 գ թթվասերը երևանյան խանութներում ու սուպերմարկետներում վաճառվում էր 500 – 510 դրամով, այժմ՝ 530-550: Գրեթե նույն համամասնությամբ և ավելի թանկացել է կաթնեղենի ամբողջ տեսականին, ներառյալ՝ տեղական արտադրության պանիրը: Հեղափոխությունը ողջունող «Գրանդ Հոլդինգը» տեղական արտադրության ծխախոտի գինը այս ընթացքում հաջողեց բարձացնել երկու անգամ՝ 15-20 դրամով: Արդյունքում մայիսի սկզբին 360-370 դրամ արժեցող տեղական ծխախոտը այսօր վաճառվում է 390-400 դրամով,մարզերում ՝ նույնիսկ ավելի թանկ: Եվ այդ թանկացումը տարածվել է տեղական արտադրության ողջ ծխախոտի վրա: Մայիսի սկզբի համեմատ Սևանի հացի գործարանի թխած «սեռի» կոչվող հացի տարբեր տեսակները ևս թանկացել են 10-ից 30 դրամով, թանկացումներ կան նաև այլ հաց արտադրողների տեսականիներում: Ու այս ամենը Շաբոյանի գլխավորած հայտնի հանձնաժողովը չի նկատում և ինչպես նախորդ ռեժիմի օրոք, փորձում է հանրությանը ներկայացնել իրավիճակի այն պատկերը, որ ձեռնտու է արդեն ներկայիս հեղափոխական կառավարությանը:
 
Մինչդեռ այս խորապատկերի վրա գործող վարչապետը շարունակում է ապրել հեղափոխական ռեժիմով, տարբեր ամբիոններից պատեհ-անպատեհ բղավելով իր հռչակած հեղափոխության կարգախոսները, որոնք սակայն գործող իշխանության շուրթերից հնչելով՝ ավելի ու ավելի են արժեզրկվում: Ինչքան էլ հարթակից գոռաս՝ կեցցենք երջանիկ և ազատ Հայաստանում ապրողներս, դրանից ոչ երջանկությունն է ավելանալու , ոչ՝ ազատությունը: Տնտեսական ճգնաժամի մեջ գտնվող, ահռելի գործազրկությամբ, 7 միլիարդ դոլարին մոտեցող պետական պարտք ունեցող երկրում կա հացի խնդիր, բայց նոր հեղափոխական կառավարությունն էլ նախորդի նման, դրանով փաստորեն չի զբաղվում: Ավելին, բոլորի համար ակնհայտ է, որ կառավարությունում փաստորեն չկա տնտեսական բլոկի համակարգող պաշտոնյա:
Նիկոլ Փաշինյանը կրթությամբ և պրոֆեսինալ որակներով  հեռու է տնտեսագիտությունից և սա պարզ էր ի սկզբանե: Բայց երեք փոխվարչապետերից ոչ մեկն էլ սկզբունքորեն աչքի չի ընկնում տնտեսական դաշտի լուրջ իմացությամբ: Ստացվում է, որ տնտեսական քաղաքականության համակարգումը դրված է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի վրա, որը դաշնակցության կադրն է և այդ պաշտոնը զբաղեցնում էր դեռ Հովիկ Աբրահամյանի կառավարությունում: Բացառիկ մառազմատիկ իրավիճակ. Փաշինյանը հեղափոխություն է արել, որ հետո ՀՅԴ-ն պատասխանատու լինի դրա տնտեսական հետևանքների համար:
 
Բնականանաբար այս իրավիճակում հեղափոխական կառավարությունը պետք է ձգտի հացի պակասը լրացնել տեսարաններով:Ամենօրյա «հակակոռուպցիոն» պայքարը՝ բացի կոռուպացված չինովնիկներից կանխիկ միջոցների առգրավումը, նաև քարոզչական խնդիրը լուծելուն է միտված: Բայց մյուս կողմից հիմնականում հարվածի տակ են հայտնվել մանր ու միջին կոռուպցիոներները, խոշոր շնաձկներից ոչ մեկը առայժմ չի տուժել, ինչը ինքնին շատ հետաքրքիր փաստ է: Ահա այս ֆոնի վրա Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը իշխանության համար առանձնահատուկ նշանակություն ունի: Փաշինյանն ու իր թիմը ակնհայտորեն մտադիր են այն քրեական շոուի վերածել՝ ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Ավելին, եթե մինչև հաջորդ գարուն տնտեսության ոլորտում տեսանելի դրական տեղաշարժեր չլինեն, ինչը շատ հավանական է, Քոչարյանին պատասխանատվության ենթարկելու թեման կդառնա Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի նախընտրական քարոզչության մեխը:
Այդ համատեքստում շատ հավանական է, որ ՀՔԾ-ն՝ իշխանության դրդմամբ, կձգձգի նախաքննությունը, որպեսզի դատավարության գործընթացը չհամընկնի ընտրությունների քարոզարշավի հետ և Քոչարյանը բաց դատավարության ժամանակ հրապարակային ելույթներով հանդես գալու ու մեղադրանքներին պատասխանելու հնարավորություն չունենա: Ինչպես «Ռուսական կայսրության թագը» խորհրդային հայտնի ֆիլմում հերոսներից մեկն է դիմում մյուսին.« Побольше шума, месье Овечкин, побольше шума»:
Մարիամ Մանասյան

Այս թեմայով