Քննարկվում է լրագրողների թվի սահմանափակման դրույթը փոխելու հարցը

դավիթԱԺ-ում Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, թե իշխանությունները քննարկում են Ընտրական օրենսգրքի նախագծում ընտրական տեղամասերում լրագրողների թվի սահմանափակման դրույթը փոփոխելու և լրագրողներին այդ սահմանափակումից հանելու հարցը:

«Մենք հանգում ենք այն եզրակացության, որ կարող ենք ԶԼՄ-ներին հանել Ընտրական օրենսգրքի նախագծում ամրագրված սահմանափակումից, սակայն կարող ենք սահմանափակել յուրաքանչյուր լրատվամիջոցի կողմից հավատարմագրվող լրագրողների թիվը: Օրինակ, կարող ենք սահմանել, որ յուրաքանչյուր ԶԼՄ կարող է հավատարմագրել 50 լրագրող»,- նշեց Հարությունյանը:

Ըստ Դավիթ Հարությունյանի՝ այս տարբերակը կարող է հնարավորություն տակ գալ կոմպրոմիսային տարբերակի:Միաժամանակ նրա խոսքով՝ իրենց հիմնական մտահոգությունն այն է, որ այս համակարգով յուրաքանչյուր տարածքում հնարավորություն են ստեղծում ունենալ 100-ից ավել թեկնածու:

«Եթե յուրաքանչյուր թեկնածուն ունենա իր վստահված անձին տեղամասային կենտրոնում, դա կարող է լարվածություն առաջացնել: Դրա համար է, որ մենք որոշել ենք սահմանափակել վստահված անձանց թիվը: Սակայն այս դեպքում էլ մնում է մի մտահոգություն, որ թեկնածուի վստահված անձինք տեղամասում կարող են հայտնվել լրագրողի կամ դիտորդի անվան տակ: Եվ այստեղ էր, որ պետք էր որոնել լուծում: Ես արդեն ասացի, թե ինչ տարբերակի ենք մենք հակված լրագրողների մասով, սակայն տեղական դիտորդների մասով լուծումներ դեռ չունենք»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Զեկուցողը նշեց, որ լրագրողների և դիտորդների թվի սահմանափակման դրույթի հետ կապված քննարկումները շարունակվում են՝ հույս հայտնելով, որ վերջնական արդյունքում հնարավոր կլինի հասնել կոմպրոմիսային տարբերակի:

Դիտվել է 18 անգամ
 


Այս թեմայով