ՔԿՀ-ում մահացած Անզոր Կարապետյանի գործով իրարամերժ ցուցմունքներ են տրվել

9424d09e-aee1-4cb4-8ccb-af8c02c0c44b2016 թ. ապրիլի 27-ին ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության կողմից որոշում է կայացվել Անզոր Կարապետյանի մասնակցությամբ ծեծկռտուքի գործով ծեծկռտուքի մյուս մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին:

Վերոնշյալ որոշումը կայացվել է՝ հենվելով միայն վերջիններիս ցուցմունքների վրա այն դեպքում, որ գործի քննության շրջանակներում իրար հակասող ցուցմունքներ են տրվել ծեծկռտուքի մասնակիցների և Անզոր Կարապետյանի հարազատների կողմից:

Վերջիններիս ցուցմունքներում հիշատակվում է նաև ոստիկանների միջամտության մասին (ծեծկռտուքը կանխելու նպատակով ոստիկաններ են մոտեցել խմբին), սակայն այդ հանգամանքը ևս չի քննվել գործի շրջանակներում:

Գործի քննության շրջանակներում, ի թիվս այլ բացթողումների, չեն պարզվել նաև Անզոր Կարապետյանի՝ վնասվածքներ ստանալու հանգամանքները՝ չնայած իրականացված դատաբժշկական փորձաքննություններին:

Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին վերոնշյալ որոշման դեմ Անզոր Կարապետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան, փաստաբան Անի Չատինյանի կողմից ՀՀ Արմավիրի մարզի դատախազություն ներկայացված դիմում-բողոքը, որով մատնանշվել էին գործի քննության բացթողումներն ու թերացումները, մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Որոշումը բողոքարկվել է նաև դատական կարգով. դատական նիստը նշանակված է 2016թ. հուլիսի 18-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

 


Այս թեմայով