Քարոզչական դեմագոգիա

Փաշինյանի դեմագոգիան հասել է անգերազանցելի իջվածքի: Իր կայնքում վերջին յոթ ամիսներին ոչ մի լավ բան չավելացրած քաղաքացուն նա համոզում է, թե հենց դա «առանցքային փոփոխություն» է: Հին ու նոր հոգսերի հետ միայնակ մնացած քաղաքացիների քվեն սեփականացնելու համար էլ բղավում է, թե «ձեզնից յուրաքանչյուրը իշխանություն է»: Բղավելու բուն իմաստը՝ նրանց ունեցած-չունեցած ողջ իշխանությունը՝ քվեները մեկեն խաբեությամբ խլելն է, բայց նաև՝ շողոքորթում է: Վարչապետի ժպ-ն խաբում է քվեատուներին, թե ինքը բոլորին հավասար է ու բոլորի պես՝ ընդամենը «մի քվե ունի»: Իհարկե չի ասում, որ եթե «երեք միլինը» հենց միայն այդ մեկ քվեն ունեն, ինքն իր մեկ քվեից բացի՝ նաև մի ամբողջ կառավարության միապետն է, իսկ «երեք միլիոնի» քվեները խլելուց հետո կդառնա նաև պառլամենտի, ապա և՝ երկրի միապետը: Այնուամենայնիվ, վարչապետի ժպ-ն անթաքույց վախենում է «երեք միլիոնի» գայթակղությունից: Իրեն երեք միլիոնից մեկը ներկայացնելու խաբկանքը թեև մատուցում է «ձեզանից յուրաքանչյուրը վարչապետ ա» պոպուլիստական քաղցր «շաքարաքլորի» միջոցով, բայց անմիջապես էլ ավելացնում է. «վարչապետի կարգավիճակը մեկն ա, բայց իր պատասխանատվությամբ Հայաստանում երեք միլիոն վարչապետ կա ու այդպես էլ պետք է լինի: Նոր ժամանակներում վարչապետ լինելը վայելք չի»: Այսինքն. հանկարծ չգայթակղվեք ու վաղը չասեք, թե ձեզ էլ չեն ընտրել՝ ուրեմն դուք էլ եք վարչապետ: Իսկ վայելքն ու իրավունքը միայն ի՛ր կարգավիճակին է հարիր, իսկ բոլոր մյուսների՝ «երեք միլիոնից» յուրաքանչյուրի համար կա միայն առանձնակի պատասխանատվություն: Շրիշակի մակարդակի դատողություններով վարչապետի ժպ-ն ուղղակի սահմանում է, որ ի դեմս իրեն կա մեկը՝ միայն իրավունքներ ունեցողի կարգավիճակով, և կան «երեք միլիոն» պատասխանատուներ՝ առանց որևէ իրավունքի: Եվ եթե արտահերթ պառլամենտական ընտրությունները «երեք միլիոնից» յուրաքանչյուրի համար «պատասխանատվության պահ» է, ապա ի՛ր համար նման պահ ուղղակի չկա ու երբեք չի լինելու: Պաշտոնական քարոզարշավից մեկ շաբաթ առաջ հնչեցրած իր քարոզչական այս ելույթում, համենայն դեպս, վարչապետի ժպ-ն իրեն սպառնացող ոչ մի պատասխանատվության մասին չհիշեց: Պատասխանատվությունից ազատ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո ժողովրդի համար բազմաթիվ անակնկալներ ունի պատրաստած: Նա արդեն այսօր ծրագրել ու քայլ առ քայլ դրանք կմատուցի վարչապետ դառնալուց՝ միահեծան իշխանություն ստանալուց անմիջապես հետո: Մասնավորապես. առնվազն 150 քաղաքացիական ծառայողներ պարզապես կզրկվեն աշխատանքից ու կհամալրեն գործազուրկների շարքերը: Նրանց վերջին խնայողություններն ու անշարժ գույքը ձեռք գցելու համար էլ կառաջարկվեն միկրոբիզնես դնելու «աննախադեպ շահավետ» պայմաններ: Այսինքն, այնքան աննախադեպ ու շահավետ, որ պետականորեն երաշխավորված կլինի միջին ու խոշոր բիզնեսի հետ մրցակցությանը չդիմանալու, աննկատ ու արագ սնանկանալու և հարկադրաբար արտագաղթելու ողջ համալիրը: Իհարկե, այս ամենի մասին Փաշինյանը վաղաժամ սկսած քարոզչության ժամանակ չի խոսում անգամ շշուկով: Փաշինյանը նաև հոգացել է, որ արտագաղթածները հանկարծ չհամարձակվեն վերադառնալ հայրենիք ու դարձյալ պատուհաս չդառնան «խիստ ժողովրդասեր» վարչապետի համար: Նա արդեն պետական եկամուտների կոմիտեին առաջադրանք է տվել՝ ներմուծել եկամուտները հայտարարագրելու համընդհանուր կարգ ու անխտիր բոլորին դարձնել հարկատու՝ առնվազն 23% հարկային բեռով: Այս կերպ Փաշինյանը նաև իրեն կազատի իր քաղաքացուն աշխատանքով ապահովելու բեռից, իսկ յուրաքանչյուրի վրա նոր բեռ կդնի: Թեև քաղաքացին ստիպված կլինի ինքնուրույն՝ առանց Փաշինյանի լուծել աշխատանք գտնելու խնդիրը, բայց իր վաստակածի գրեթե քառորդ մասը պարըադրված կլինի՝ նրան տալ: Փաշինյանի այս «խիստ հաճելի» անակնկալի զոհերն են դառնալու նաև արտագնա աշխատանքի մեկնողները, բարեկամներից դրամական օգնություն ստացողները, ինքնազբաղվածները: Այսինքն, խոպանից վերադարձող յուրաքանչյուրը անխտիր կձերբակալվի հենց օդանավակայանում, եթե չհայտարարագրի օտար հողում իր ջանքերով գտած աշխատանքից ստացած եկամուտը ու չմուծի Փաշինյանի սահմանած նոր հարկը: Միայնակ թոշակառուի ձեռքից հենց փոստատանը՝ Փաշինյանի արտոնագրով, կխլեն որդու ուղարկած հազար ռուբլուց 230-ը կամ հարյուր դոլարի փոխարեն կտան միայն 77-ը: Գյուղացին հարկ կվճարի իր աճեցրած ու վաճառած ամեն կաղամբի ու ձմերուկի համար: Եվ եթե որևէ մեկը հանկարծ մտածի, որ սա պետականորեն օրինականացված ռեկետ է, վարչապետ դարձած Փաշինյանն այլևս չի գործադրի իր դեմագոգիական տաղանդը՝ հակառակը համոզելու համար: Ժողովրդի կարծիքն իրեն արդեն հետաքրքիր չի լինի ու նա թքած կունենա ժողովրդի վրա: ​​​​​​Տիգրան Ուզունյան

Այս թեմայով