Քավոր, բարեկամ, ընկեր, ծանոթ, քայլակից, հանցակից որակները բացահայտ են

Մարդու զարմանքն ու լացը խառնվում են իրար, երբ նայում է, թե ինչ քաղաքական ուժեր են մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Տպավորություն է, որ ով փող ունի, էլիտար վիճակախաղի տոմս է գնել ու բոլորին հավասար՝ էլիտայի տիտղոս շահելու հնարավորույուն է ստացել: ՔՊ-ի օրինակը վարակիչ է դարձել, փաստորեն: Քաղաքական դաշտը, ստացվում է, վարակված է բախտախնդրության հարուցիչով ու հիմա այդ դաշտում գտնվող բոլորը ծանր տառապանքների նոպա են տանում: Իսկ երբ այս տասնմեկ քաղաքական ուժերի ընտրացուցակներն ես աչքի անցկացնում, հասկանում ես, որ դեկտեմբերի կեսերից ու մինչև նոր խորհրդարանի վերջին օրը մեզ՝ բոլորիս ծանր տառապանքներ, իսկ դրանից հետո՝ ինտենսիվ բուժումներ են սպասում:

Ընտրացուցակներում մարդիկ կան, որոնք առաջին անգամ լուսակիր են տեսել՝ նոր կազմավորվող կուսակցության միակ գրասենյակը մտնելուց անմիջապես առաջ: Իսկ այդ կուսակցության մասին իմացածը սահամանափակվում է՝ կուսակցությանն անդամագրվելու մասին սոցցանցում ստացած առաջարկով: Ապագա պատգամավորն արդեն պարտական է այդ կուսակցությանը, քանի որ նրա շնորհիվ առաջին անգամ քաղաք է եկել, լուսակիր է տեսել, քաղաքական գործիչ է դարձել ու պայծառ հեռանկարի շեմին է կանգնել:

Այս պատկերը համատարած է ու տիպային: Հիմա արդեն կարելի է հեշտորեն պատկերացնել, թե քանի այսպիսի «գիքորներ» վաղը կարող են հայտնվել պատգամավորների աթոռներին: Այսինքն՝ ոչ մի «բազազարտեմական» դպրոց չանցած, ոչ մի գիրք չկարդացած ու ոչ մի գործ չարած, կյանք չտեսած ու կյանքում ոչ մի փորձություն չանցած, ոչ մի արգելք ինքնուրույն չհաղթահարած «գիքորներն» են վաղը օրենքներ գրելու ու մեզ պարտադրելու, որ այդ օրենքները կատարենք: Եվ սա ընդամենը այն պատճառով, որ ինչ-որ «համբո» այդպես է ուզում:

Ամեն մեկս քվեարկելու գնալուց առաջ, ճանապարհին ու քվեախցիկում պարտավոր ենք մտածել, որ մեր քվեով կարող ենք նպաստել անբան ու դատարկամիտ, բախտախնդիր «քաջնազարներ» բուծելու օտար ծրագիրն իրագործելուն: Գիտակից ընտրություն կատարելու հնարավորությունը, իրոք, շատ սահմանափակ է ու աննախադեպ դժվար, բայց միանգամայն հնարավոր է: Դեռ չընտրված, արդեն պարզ է, որ նոր խորհրդարանը իսկական ազգային պատուհաս է դառնալու:

Փաշինյանի աներորդին լավագույն վկայությունն է: Նրա համար միանգամայն բնականոն է, որ մի քանի աննկատ ու էպիզոդիկ դեր խաղալուց հետո մարդու իսկական տեղը պետք է պատգամավորական աթոռը լինի, ու նրան անպայման պետք է ազգընտիրի կոչում շնորհվի: Նրա համար նույնքան բնականոն է, որ Փաշինյան ազգանունը կրող, ՔՊ-ին անդամագրվող կամ մի քանի անգամ Փաշինյանին ձեռքով բարևող յուրաքանչյուրն առնվազն պետք է պետական պաշտոն ստանա: Նա ոչ միայն չի էլ թաքցնում, որ պատգամավորի օգնական կամ նախարարի խորհրդական լինելը նման էլիտարների համար նվաստացուցիչ է, այլ նաև չի համարում, որ  նման պաշտոնների համար որոշակի գիտելիքներ ու կենսափորձ է անհրաժեշտ: Մի՞թե սա պատուհաս չէ:

Բայց առավել վտանգավոր պատուհասներ էլ կան: Նշված «գիքորների» ու «քաջնազարների» տարօրինակ համադրությունները ընտրացուցակներում ուղղակի վխտացող են ու աչք են ծագում: Համոզվելու համար բավական է կարդալ նաև հայրանունները, ծննդյան թիվն ու վայրը: Կենսագրությունները, ցավոք, կարող ենք կարդալ, երբ արդեն շատ ուշ կլինի՝ երբ նրանք արդեն մանդատներն ստացած կլինեն, բայց դրանից ողբերգականությունը շատ ավելի խորը կդառնա: Իսկ հիմա կարելի է նկատել, թե ով ինչպես է հայտնվել ցուցակում:

Քավոր, բարեկամ, ընկեր, ծանոթ, քայլակից, հանցակից որակները բացահատ են: Ոչ ադքան բացահատ են նրանք, ովքեր քաղաքական հարթությունում և անցողիկ տեղերում են հայտնվել ֆինանսական համապատասխան ներդրումների, քվեներ ապահովելու անբեկանելի երաշխիքներ տալու, նաև իշխանական ռեսուրսը համալրելու համար նախկինների դեմ «գործ տալու» շնորհիվ: Ռեկետների ու ռեպրեսիաների, բռնագրավումների ու փրկագների միջոցով մինչ այսօր կուտակված ու բյուջեում չհայտնված միջոցները, պարզվում է, չեն բավարարում նախատեսվող ընրական ծախսերը:

Նոր ներհոսքեր ապահովելու նպատակով այս օրերին հատուկ մեթոդական «մշակում» են անցնում բազմաթիվ նախկին միջին պաշտոնյաներ՝ հաշվապահներ, կադրերի վարիչներ, վարչությունների պետեր, ՊՈԱԿ-ների ղեկավարներ: Նրանց ուղղակի պարտադրում են՝ պահանջվող ցուցմունքը տալ իրենց նախկին վերադասների՝ նախարարների ու փոխնախարարների, վարչապետների ու փոխվարչապետների, քաղաքապետների ու մարզպետների, բիզնեսմենների դեմ, որպեսզի նրանցից, շանտաժի միջոցով և «հեղափոխության հաղթանակի համար» գումարներ կորզեն: Նույն «մշակումն» են անցնում նախկին ու ներկա բազմաթիվ կալանավորներ: Այս մասին ոչ միայն խոսում են կատարողները՝ ռեստորաններում կամ մտերմիկ շրջապատում, այլ նաև հաճախ գրում է Փաշինյանի սեփական օրաթերթը:

Նախկինում էլ բազմաթիվ էին փաստերը, որ Փաշինյանի ու «հեղափոխության» համար ժողովուրդը միայն միջոց է եղել, բաց ոչ երբեք՝ նպատակ: Եթե առաջ դա մի փոքր գոնե մտածել էր պահանջում, իսկ էյֆորիայի մեջ գտնվողը ցանկության դեպքում էլ դա չի կարողանում անել, ապա հիմա ամեն ինչ ակնհայտ է ու անթաքույց: Փաշինյանը հիմա չի էլ թաքցնում, որ թքած ունի ժողովրդի վրա, քանի որ ժողովրդի քվեն արդեն խլել է:

Եթե նախկին իշխանությունները, ըստ պահանջարկի ու առաջարկի, ընտրողներից գնում էին քվեները, ապա հիմա քվեները վաճառել չի հաջողվի: Դրանք արդեն գնված են, նոր տերեր ունեն ու բաշխված են: Այդ որոշակիությունն է ԲՀԿ-ի այսօրվա հարուստ, բայց ճորտական անորոշության մեջ հայտնվելու պատճառը: Նրա քվեները կարող են բաշխվել ՔՊ-ին կամ բոլորին անհայտ ու նորահայտ ուժին: Գուցե դա է ուզում ակնարկել կարկառուն հանպապետականը, երբ ասում է, որ ռեյտիգայինով Փաշինյանի ուսապարկն իրենից հինգ անգամ ավելի քվե կստանա: Բացահայտել այս նոր իրողությունը անհրաժեշտ է, բայց չպետք է հաստատգրել ու հաշտվել նորօրյա արատներին: Առջևում խորթ, օտար, անօրեն ամենը արմատախիլ անելու, ժողովրդին արթնացնելու և իրավիճակը հիմնափոխելու քարոզչական փուլն է: Ուրեմն՝ ի գործ:

Տիգրան Ուզունյան

Այս թեմայով