Քառյակի պահանջները ձեռնտու է բոլորին

ՀրապարակՏիգրան Սարգսյանի հրաժարականից հետո պարալիզացված հրաշալի քառյակը, փորձելով ցրել Հովիկ Աբրահամյանի նշանակումով իր վախճանի մասին լուրերը, վերջապես հրապարակեց  իշխանության դեմ «սպառնալիքների բարաթը», սակայն դա վախեցնելու փոխարեն, բառի բուն իմաստով, ցնծության մեջ գցեց իշխանության ներկայացուցիչներին: 12 կետանոց պահանջագիրը ՀՀԿ-ականներն անվանեցին Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրի copy-past  եւ հայտարարեցին, որ իրենք էլ ավելի արմատական փոփոխությունների են տրամադրված: «Ես շատ ուրախ եմ, որ վերջապես շատ առողջ առաջարկություններ են արել, եւ դրանք մեր քննարկման առարկան կդառնան: Վերջապես գալիս է կառուցողական ընդդիմությունը, որը հարկավոր է պետությանն ու իշխանությանը: Նշված բոլոր կետերը` մի մասը կառավարության գործունեության ծրագրի ներկայացման ժամանակ, մյուս մասը մեր ելույթների ժամանակ արդեն մեր քննարկման առարկան են»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ավելացնելով, որ առանց քառյակի էլ դրանք լուծում պետք է ստանան: Ինչ վերաբերում է մինչեւ սեպտեմբերի վերջ ժամանակ տալուն, ապա Վ. Բաղդասարյանը հորդորեց իրենց հետ նախապայմանների՝ ուլտիմատումների լեզվով չխոսել: «Ոչ թե մենք այս 12 կետերին պետք է անդրադառնանք ու տանք պատասխաններ, այլ ընդամենն ասում ենք, որ դրանք այն հարցերն են, որոնք ընդգրկված են մեր ծրագրերի մեջ: Իսկ եթե նրանք ասում են սեպտեմբերին, իսկ մենք, ենթադրենք, ասում ենք, որ մայիսին կլինեն, խնդրեմ, թող իրենք իրենց քայլերը ձեռնարկեն: Համենայնդեպս` մենք չենք ժխտում, որ դրանք քննարկման առարկա են»: Ի՞նչ նպատակով են կառավարության ծրագրի կետերը պատճենել եւ դրել նույն կառավարության դեմ, մեր հարցին ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը հակադարձեց. «Օրինակ, շրջանառության հարկի վերաբերյալ կառավարությունը ցանկանում է փոքր քայլերով գնալ, ընդունենք, օրինակ, մինչեւ 10 մլն շրջանառություն ունեցող ՓՄՁ-ներին ազատի շրջանառության հարկից, հետո դնի փաստաթղթավորման հստակ պահանջ եւ այլն, եւ այլն, մինչդեռ մենք շեմը բարձրացնում ենք, ընդհուպ փոքրերի համար ամբողջովին ազատում: Կամ, ասենք թե սահմանին ԱԱՀ-ն հանել, իրենք ասում են՝ փուլ առ փուլ, մենք ասում ենք՝ ընդհանրապես, 2 օրինակ բերեցի, մյուսներն էլ ենք այդպես «վերցրել» այդ ծրագրից»: «Կարող ա իրե՞նք են վերցրել մեզանից այն, ինչի մասին ես խոսեցի, դեռ 2 տարի առաջ եմ օրինագիծ գրել»,- շարունակեց Մելքումյանը: Նշենք, որ ոչ իշխանական ուժերի կողմից ներկայացված պահանջների թվում են՝ հրաժարվել պարտադիր կուտակային համակարգից, խթանելով կամավոր համակարգի սկզբունքը, արագաչափերի, տեսանկարահանող սարքերի, կարմիր գծերի տուգանքների չափը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 10 տոկոսը, իսկ այդ տուգանքներից գանձվող գումարները պետք է ուղղվեն համայնքային բյուջեներ: Պահանջում են նաեւ վճարել «Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձերը եւ կազմել գործարանի վերագործարկման կարգը: Մյուսը 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու պահանջն է, ինչպեսեւ այն, որ ընտրություններից հետո, 2 օրվա ընթացքում, հրապարակվեն ընտրողների ցուցակները: Պահանջում են «Որոտան» ՀԷԿ-ի վաճառքի բացառումը՝ առանց Ազգային ժողովի թույլտվության։ Կոչ են անում իշխանություններին չստորագրել որեւէ միջազգային պայմանագիր կամ փաստաթուղթ, որով կխաթարվի ՀՀ-ի եւ ԼՂ-ի միջեւ հաստատված հարաբերությունների ներկա համակարգը, այդ թվում՝ տնտեսական մասով, բայց ոչ մի խոսք Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու վերաբերյալ: Նաեւ պահանջում են 3 անգամ իջեցնել շրջանառության հարկի շեմը՝ տարեկան 58 մլն-ից դարձնելով 150 մլն դրամ: Կրկնապատկել գյուղացիական տնտեսությանն ուղղվող սուբսիդիաները եւ տալ գյուղացիական տնտեսություններին՝ անմիջական տնօրինության:  Այս հայտարարություն- պահանջագիրը ստորագրողները՝ Արմեն Ռուստամյան, Ռուբիկ Հակոբյան, Նաիրա Զոհրաբյան եւ Լեւոն Զուրաբյան, այն  բնորոշեցին որպես կոմպրոմիս, որը կայացել է 4 ուժերի միջեւ: «Պարզապես մի մասն ավելի արմատական է` հեղափոխական փոփոխությունների կողմնակից, մյուս մասը՝ շրջահայաց, դանդաղ ընթացքի կողմնակից: Բայց բոլորիս միավորում է անհանգստությունը, որ երկիրը կործանվում է, վտանգված է երկրի, ԼՂՀ անվտանգությունը, վստահություն չկա, աղետալի արտագաղթ է, համակարգային կոռուպցիա, անարդարություն է տիրում»,- մանրամասնեց Լեւոն Զուրաբյանը: Արդյո՞ք այս պահանջները լուծում են այդ խնդիրները, իհարկե՝ ոչ, բայց սրանցով հող է նախապատրաստվում համակարգային փոփոխությունների համար: Սակայն ուշագրավ է, որ քառյակը միասնական տեսակետ չուներ ըստ էության սկզբունքային հարցերում, օրինակ՝ ի՞նչ պետք է անել, եթե իշխանությունը չկատարի այդ պահանջները, ո՞ւմ հրաժարականը կպահանջեն: Ասում էին. աշունը կգա՝ բարին հետը, Ռուբեն Հակոբյանն անգամ արդարացավ. «Էս գլխից իրենց չենք ասելու ինչ ենք անելու»: Ընդհանրապես, քառյակը երեկ զարմացնում էր իր տարօրինակ վարքով եւ հակասական հայտարարություններով: Օրինակ, Լեւոն Զուրաբյանն անընդհատ փորձում էր ՀԱԿ-ն առանձնացնել քառյակից եւ ընդգծել, որ իրենք որեւէ ակնկալիք չունեն Սերժ Սարգսյանի իշխանությունից եւ արդիական են համարում նրա հրաժարականի պահանջը. «Չարի ծառ Սերժ Սարգսյանը չի կարող բարի պտուղ կառավարություն ունենալ», եւ հենց այդ պատճառով չեն կարող ակնկալիք ունենալ այդ «չար ծառի չար պտուղներից»: Փոխարենը՝ Արմեն Ռուստամյանը Սերժ Սարգսյանի «աննպատակային» հրաժարականը չի ընդունում: «Մենք համարում ենք, որ պարզապես Սերժ Սարգսյանի հեռացումը երկիրը չի փրկի, եթե մենք չգիտենք, թե դրանից հետո ինչ համակարգ ենք ունենալու: Մենք բազմիցս տեսել ենք, որ անձինք հեռացել են, ու իշխանության եկածներն օգտվել են բարիքներից, եւ իշխանափոխությունն էլ չի ծառայել ժողովրդին, ժողովուրդն ինքն է որոշում  դա»: ՀՅԴ-ն կարեւորում է համակարգային փոփոխությունները: Իսկ ԲՀԿ-ական տիկինն էլ այս հարցի վերաբերյալ հայտարարում է, որ իրենց համար «տաբու» թեմա չկա: «Արդյոք այդ կետերը կհանգեցնե՞ն համակարգային փոփոխությունների» մեր հարցին ի պատասխան էլ Ռուստամյանն ասաց՝ եթե իրենց պահանջներին ընդառաջ քայլեր իրականացվեն, համակարգային փոփոխությունների հույս կարող է արթնանալ: Ռուբիկ Հակոբյանն էլ ասաց, թե առաջարկները «որոշակի ժամանակահատվածի համար են»՝ «սա կարող է դառնալ համակարգային փոփոխությունների մի փոքրիկ մասնիկ»: Լեւոն Զուրաբյանն ավելի կոնկրետ գտնվեց. «Այո, դրանք տանում են ամենահամակարգային փոփոխությանը»՝ «ժողովուրդը դառնա քաղաքական գործընթացների շարժիչ ուժ եւ թելադրող»: Ռ. Հակոբյանն ասաց նաեւ, որ իշխանությանը տված ժամկետի ավարտին իրենք այնպիսի ադեկվատ պատասխան կտան իշխանություններին, որը կցրի որոշ լրագրողների կասկածները, թե քառյակը մինչեւ պաշտոնավարման ժամկետի ավարտը հանգիստ է թողնում Սերժ Սարգսյանին:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը

Դիտվել է 209 անգամ
 


Այս թեմայով