Քաշաթաղի հարավային թևում նոր խոշոր ներդրումային ծրագիր կիրականացվի

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ

Այս տարի Քաշաթաղի շրջանի հարավային թևի՝ վերջին տարիներին մեր ամենածաղկող համայնքներից մեկում՝ Իշխանաձորում, ծխախոտի մթերման համար չորանոցներ կկառուցվեն: Մի քանի միլիոն ԱՄՆ դոլարի հասնող ներդրումային այս ծրագրի շուրջ համաձայնությունն օրեր առաջ ձեռք ենք բերել «Գրանդ հոլդինգ» ընկերության սեփականատեր Միքայել Վարդանյանի հետ կայացած հանդիպման ընթացքում:

Կարծում եմ՝ Քաշաթաղի հարավային թևում, որտեղ առկա են մեծաքանակ բերրի հողատարածքներ, ոռոգման ջուր և բարենպաստ կլիմայական պայմաններ, ծխախոտագործությունը մեծ հեռանկարներ ունի: Իսկ տարեցտարի բնակչության բնական և մեխանիկական աճ գրանցող համայնքի համար բնական է, որ նոր աշխատատեղերի, լրացուցիչ եկամուտներ ապահովող հնարավորությունների ստեղծման անհրաժեշտությունը շատ մեծ է: Ի դեպ, արևադարձային տարբեր կուլտուրաների աճեցման հաջող փորձ ունեցող իշխանաձորցիների և տարածաշրջանի բնակչության համար մշակաբույսը նոր է, բայց, համոզված եմ, որ ճյուղն ավելի քան եկամտաբեր է լինելու:

Ծրագիրը կյանքի կոչելու և այդ կարևոր ներդրումն անելու համար իմ երախտագիտությունն եմ հայտնում Միքայել Վարդանյանին և Վարդանյան ընտանիքին: Շնորհիվ Վարդանյանների ունեցած պատրաստակամ վերաբերմունքի և, իհարկե, մեծ հայրենասիրության՝ այսօր Արցախում ունենք ներդրումային և բարեգործական բազմաթիվ իրականացված նախագծեր: Կարծում եմ՝ բավարար է նշել միայն ծխախոտագործությամբ զբաղվող մի քանի տասնյակ կայացած տնտեսությունների, ստեղծված հարյուրավոր աշխատատեղերի, ինչպես նաև Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի կառուցման գործում նրանց ունեցած մեծ ավանդի մասին»:

Այս թեմայով