Քաղցկեղը հաղթահարելի չարիք է. Աննա Հակոբյան

Դեկտեմբերի 3-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «City of smile»  (Ժպիտների քաղաք) բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Հայաստանի Պարի պետական անսամբլի եւ «City of smile» հիմնադրամի նախաձեռնած բարեգործական համերգին:

Համերգի ողջ հասույթը հատկացվելու է քաղցկեղով տառապող երեխաների եւ երիտասարդների բուժմանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը` Նունե Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, արվեստի գործիչներ ինչպես նաեւ քաղցկեղով հիվանդ ավելի քան երեսուն երեխաներ իրենց ծնողների հետ:

Կարեւորելով կամավորության սկզբունքներով բարեգործական միջոցառումների անցկացումը, տիկին Հակոբյանը շեշտել է, որ նախաձեռնության հեղինակները Պարի պետական անսամբլն ու Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուսուցքաբանության ազգային կենտրոն են: «Հիմնադրամը ողջունել է այդ նախաձեռնությունն ու աջակցել համերգի անցկացմանը: Համերգային ծրագրին աջակցել են նաեւ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը, ՀՀ մշակույթի նախարարությունը, բազմաթիվ կազմակերպություններ, ընկերություններ:

Այս համերգի շնորհիվ ակնկալվում է շուրջ 20 միլիոն դրամի մուտք, որն ուղղվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների եւ երիտասարդների բուժմանը: Սակայն միայն ֆինանսական առումով չենք չափում համերգի արդյունավետությունը: Որքան շատ նմանատիպ անհատական նախաձեռնություններ լինեն, այնքան հասարակությունը կհամախմբվի` արձագանքելու այդ մարտահրավերին` քաղցկեղին, որը մեծ չարիք է ընկալվում, բայց իրականում հաղթահարելի չարիք է»,- ասել է Աննա Հակոբյանը` շնորհակալություն հայտնելով նախաձեռնողներին, ինչպես նաեւ հովանավորներին, աջակիցներին ու մասնակիցներին համերգի գաղափարն իրականություն դարձնելու համար:

Այս թեմայով