Քաղաքացի Մելիքբեկյանին առևանգելու գործով մեկ անձ կալանավորվել է

2310050681423914572Քաղաքացի Մեխակ Մելիքբեկյանին առևանգելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել էառերևույթ հանցանք կատարած անձանց ինքնությունը։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Ս.Ղալթախչյանը Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչներ Գ. Ալավերդյանի, Հ.Ղալթախչյանի և մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնության է եկել Մեխակ Մելիքբեկյանին առևանգելու հարցի շուրջ և 2015թ. հունվարի 17-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղում գտնվող եկեղեցու մոտակայքից առևանգել նրան։

Մեխակ Մելիքբեկյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով նրան նստեցրել են Հ.Ղալթախչյանին պատկանող «Աուդի» մակնիշի ավտոմեքենան և նրա կամքին հակառակ տեղափոխել Տավուշի մարզում գտնվող «Ջողազ» կոչվող վայր, որտեղ ծեծի են ենթարկել նրան և պահանջել խոստովանել, թե իբր ինքն է կատարել Տ.Գասպարյանի կազմակերպած մի շարք ծանր հանցագործությունները, այդ թվում՝ Կամո Ղալթախչյանի նկատմամբ 2013թ. սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած սպանության փորձը։

Քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, կատարված խուզարկությունների արդյունքում Ս.Ղաչթախչյանի տանը հայտնաբերվել են 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` քաղաքացի Սաշա Ղալթախչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելը ՝ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

2015 թվականի փետրվարի 13-ին որոշումներ են կայացվել Գ.Ալավերդյանին ու Հ.Ղալթախչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավվելու մասին։
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

 


Այս թեմայով