Քաղաքացին մեղադրում է օնլայն վարկ տրամադրող կազմակերպությանը․ հաղորդում հանցագործության մասին

«Անհրաժեշտ գումարից Ձեզ պակասում է ընդամենը 1 քայլ»: Unitycredit.am օնլայն վարկի դիմումի մեջ է ասվում: Աննա Քալոյանը նոյեմբերի 15-ին դիմել է Երվանդ Քոչար 17/4 հասցեում գտնվող «Unity credit» կազմակերպություն՝ 800.000 ՀՀ դրամ վարկ ստանալու համար:

Ըստ Աննա Քալոյանի՝ կազմակերպությունից իրեն ներկայացրել են, որ նա պետք է  220.000 դրամ միանգամից թողնի կազմակերպությանը, որը լինելու է վարկի տոկոսը, իսկ Քալոյանը հետագայում վճարելու է միայն մայր գումարը՝ մնացյալ 560.000 ՀՀ դրամը (20.000 դրամ՝ «Յունիբանկ» միջնորդավճար): Քալոյանին ուղղորդել են  «Արդշին»  և «Յունիբանկ» բանկեր: Երկու բանկերից էլ վարկի գումարը փոխանցվել է երկու տարբեր քարտերի վրա՝ 400.000-ական դրամներով:

Կազմակերպությունում քարտերից մեկը վերցրել են, պատճառաբանելով, որ իրենց հասանելիք միջնորդական գումարը՝ 220.000 ՀՀ դրամը, քարտից իրենք կհանեն, մնացյալ գումարը՝ 160.000 ՀՀ դրամը  կփոխանցեն Աննա Քալոյանին: Գումարը ստանալուց հետո արդեն Աննա Քալոյանին ներկայացրել են, որ իրենք ոչ թե վարկ տրամադրող, այլ միջնորդ կազմակերպություն են, և 220.000 ՀՀ դրամը վերցրել են ոչ թե որպես վարկի տոկոսագումար, այլ իրենց միջնորդական ծառայության վճար: Այսինքն՝ Աննա Քալոյանը պետք է բանկին վճարի վարկի ոչ միայն մայր գումարը, այլև՝ տոկոսագումարը:

Ըստ Աննա Քալոյանի՝ կազմակերպության և իր միջև որևէ պայմանագիր չի կնքվել, միայն իրեն մի թուղթ են տվել ու ասել, որ ստորագրի: Իսկ այսօր, արդեն, երբ Քալոյանը խնդրել է այդ թուղթը իրեն էլ տրամադրեն, պատասխանել են, որ դա «ճղել, թափել են»:

Politik.am-ը կապ հաստատեց Ֆինանասական համակարգի հաշտարարի հետ, ով ասաց, որ իրենք չեն կարող խորհրդատվություն տալ, քանի որ հաշտարար չեն հանդիասնում միջնորդ կազմակերպությունների հետ կապված հարցերում: Կենտրոնական բանկից էլ պատասխանեցին, որ որևէ միջնորդ կազմակերպություն իրենց կողմից լիցենզավորված չէ և իրավասու չէ վարկ տրամադրել: Վարկ տրամադրելու իրավունք ունեն միայն բանկերն ու վարկային կազմակերպությունները, և գրավատները՝ գրավի դիմաց:

Politik.am-ը զանգեց նաև «Unity credit» կազմակերպություն, որին պատասխանեց Նարինե Հարությունյան անունով աշխատակիցը, ով ասաց, որ միջնորդավճարը 20.000 ՀՀ դրամից ավել չէր կարող լինել, և խոստացավ, որ պայմանագիրը նայելուց հետո կազմակերպության տնօրենը կապ կհաստատի մեզ հետ:

Րոպեներ անց Politik.am-ի խմբագրություն զանգահարեց Դավիթ Թաիրյան անունով անձը, ով ներկայացավ որպես կազմակերպության տեր: Վերջինս ասաց, որ Աննա Քալոյանն ու ամուսինը՝ Մաքսիմը, իրենց կազմակերպությանը զրպարտում են.

«Էդ մարդիկ եկան մեզ մոտ, խնդրեցին, որ գումար տանք: Ասացին, որ շտապ է պետք: Մաքսիմը խնդրեց, որ քարտը թողնի մեզ մոտ, մենք գումարը հանենք: Ես էլ անձամբ Մաքսիմին 220.000 դրամ առանց որևէ պայմանագրի. ընկերական տվեցի, որովհետև վատ վիճակում էր: Պետք է քարտից հանեի 400․000 դրամը, որից 20.000-ը կազմակերպության միջնորդավճարն է, 220.000-ը՝ իմ անձնական գումարը, որ տվել էի իրեն, մնացածը՝ փոխանցեի իրեն»:

Մեր հարցին՝ եթե փաստաթուղթ չկա, ինչպե՞ս է Դավիթ Թաիրյանը ապացուցելու, որ առձեռն գումար է փոխանցել Մաքսիմին, պատասխանեց.

«Դե եթե իրենք ասեն՝ փաստաթուղթ չկա, մենք էլ կասենք՝ ձեզ հետ գործարք չի եղել, դրա փաստաթուղթն էլ դուք չունեք»:

 

 

Այս թեմայով