«Քաղաքացիական պայմանագիրը» սպասում է եռյակի ճանապարհային քարտեզի հրապարակմանը

2310050191423904236«Քաղաքացիական պայմանագիր» միավորումը սպասում է Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու՝ ոչ իշխանական եռյակի ճանապարհային քարտեզի հրապարակմանը, որից հետո կկոնկրետացնի գործընթացին իր հնարավոր մասնակցության ձեւաչափը: Այս մասին հայտարարություն է տարածել «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհուրդը:

Հայտարարությունում նշվում է.

«Քննարկելով վերջին օրերին Հայաստանում ծավալվող քաղաքական գործընթացները` «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհուրդը հարկ է համարում ընդգծել.

1. «Քաղաքացիական պայմանագիրը» դեռեւս նախորդ տարվա նոյեմբերին Ազգային ժողովում հանդես է եկել Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու նախաձեռնությամբ՝ այսպիսով իր համապարփակ վերաբերմունքն արտահայտելով Հայաստանում իշխանությունը բռնազավթած վարչախմբի նկատմամբ:

2. «Քաղաքացիական պայմանագիրը» նախորդ տարվա հոկտեմբերին արտահայտել է դիրքորոշում, որ եթե ոչ իշխանական ուժերի եռյակը հանդես գա Սերժ Սարգսյանի հրաժարականի, պաշտոնանկության պահանջով, միավորումը կպաշտպանի այդ պահանջը:

Վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները՝ «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհուրդը հայտարարում է.

ա) Սերժ Սարգսյանի եւ նրա վարչախմբի հեռացումը իշխանությունից բխում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից, ՀՀ քաղաքացիների եւ պետության շահերից:

բ) «Քաղաքացիական պայմանագիր» միավորումը սպասում է Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու՝ ոչ իշխանական եռյակի ճանապարհային քարտեզի հրապարակմանը, որից հետո կկոնկրետացնի գործընթացին իր հնարավոր մասնակցության ձեւաչափը»:

 

Դիտվել է 26 անգամ
 


Այս թեմայով