Քաղաքապետը շնորհավորել է ուսանողներին՝ միջազգային օրվա կապակցությամբ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ուսանողության  միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձով է հանդես եկել:

  Սիրելի՛ ուսանողներսրտանց շնորհավորում եմ Ուսանողության միջազգային օրվա առթիվ: Բոլոր ժամանակներում էլ ուսանողությունը համարվել է առաջընթացի, տնտեսական և գիտատեխնիկական զարգացման, կրթական և գիտական ներուժի հզորացման գրավական: Եվ, բնավ պատահական չէ, որ աշխարհն այսօր առանձնահատուկ վերաբերմունք ունի ուսանողության հանդեպ, քանզի կիրթ և գրագետ երիտասարդներն ունակ են ոչ միայն դիմակայել մարդկության առջև կանգնած լուրջ մարտահրավերներին, այլև օժտված են մարդու ստեղծած քաղաքակրթական ձեռքբերումները նոր, ավելի բարձր մակարդակի հասցնելու ձգտումով:
Մեր դեպքում սա առավել քան կարևոր է, քանզի հայ ուսանողի ստացած գիտելիքը, եռանդն ու աշխարհընկալման թարմությունը Հայաստանի ապագա ձեռքբերումների, ազգերի ու պետությունների մեծ ընտանիքում մեր ուրույն տեղն ունենալու ամենահաստատուն գրավականն է: Ուսանող մեր երիտասարդները բազմիցս են ապացուցել, որ մրցունակ են միջազգային ասպարեզներում և հենց դրանով էլ ձևավորել են այն հիմքը, որը պայմանավորելու է մեր հայրենիքի և հայ ազգի ապագան:
Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ առողջություն, ուսման մեջ մեծ հաջողություններ և ստացած գիտելիքն անմնացորդ կիրառելու ձգտում ու հնարավորություն:

Այս թեմայով