Քաղաքապետը հանձնարարել է գույքագրել լուսացույցերի տեղադրման անհրաժեշտություն ունեցող խաչմերուկներն ու անցուղիները

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում է Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցումը: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել հսկողությունը շինարարական աշխատանքների որակի և ժամկետների պահպանման նկատմամբ:

Պատասխանատուները զեկուցել են, որ մայրաքաղաքում շարունակվում է ամենօրյա հսկողությունը՝ ապօրինի շինարարությունների և հողազավթումների, չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման նպատակով: Ոլորտի մասնագետներին և վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է շարունակել հսկողությունը:
Խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է մայրաքաղաքի որոշ փողոցների՝ հետիոտնի համար նախատեսված անցուղիների վատ լուսավորվածության հետ կապված համաքաղաքացիներից ստացվող բողոքներին:
«Մեր համաքաղաքացիներից վերջերս բողոքներ ենք ստանում, որ որոշ փողոցներում հետիոտնի համար նախատեսված անցուղիները վատ են լուսավորված, և երեկոյան ժամերին վարորդների համար խնդիրներ են առաջանում: Ուսումնասիրեք այս խնդիրը, գույքագրեք նման խնդիր ունեցող բոլոր հատվածներն ու հնարավորին կարճ ժամկետում լուծեք տվյալ հատվածների պատշաճ լուսավորության հարցը: Նաև համագործակցելով Ճանապարհային ոստիկանության հետ՝ տվյալ տարածքները կահավորեք համապատասխան ճանապարհային նշաններով», — ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետն անդրադարձել է նաև Երևանում խցանումների նվազեցման, ճանապարհային երթևեկության արդյունավետ կազմակերպման և բեռնաթափման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին ու այդ համատեքստում տրանսպորտի վարչությանը հանձնարարել է Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուսումնասիրել և գույքագրել բոլոր այն խաչմերուկներն ու անցուղիները, որտեղ կա փողոցի հատումը կարգավորող լուսացույցերի տեղադրման կամ դրանց ավելացման անհրաժեշտություն, և ներկայացնել համապատասխան առաջարկություն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 


Այս թեմայով