Քաղաքապետարանը պատասխանում է Ստյոպա Սաֆարյանին

231639991384789236Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Իրավաբանական վարչությունը պատասխանում է Ժառանգություն կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանին.

Հարգելի պարոն Սաֆարյան,

Ձեր դժգոհությունն առաջացրած պատասխանն արդեն իսկ պարունակում է Ձեր գրությամբ արծարծված հարցերի պատասխանը: Երևանի քաղաքապետն իր լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շրջանակներում, անկախ այն հանգամանքից, թե դա Ձեր պատկերացմամբ կամ ընկալմամբ ճիշտ է թե ոչ, կամ ինչպիսի որակում եք տալիս օրենսդրությամբ սահմանված լիազորությունների իրականացմանը: Հակառակ պարագայում օրենսդրությունն անձանց օժտել է դատարան դիմելու իրավունքով, որն ազատ եք իրականացնել նաև Դուք:

Ինչ վերաբերվում է Ձեր կողմից ներկայացված ժամկետի հաշվարկին, ապա կարծում ենք առերևույթ իրավացի թվաբանական հաշվարկ կատարելուց առաջ պետք է հաշվի առնել, որ խոսքը տվյալ դեպքում իրավական ակտերով որոշվող ժամկետի և դրա մեկնաբանության /ընկալման/ մասին է:

Նման կարևոր հարցի վերաբերյալ, հնարավոր է կանխորոշելով տարակարծությունը և/կամ թյուրընկալումը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 82-86 հոդվածներով սահմանվել է իրավական ակտերով սահմանվող ժամկետների և իրավական ակտի մեկնաբանման /ընկալման, հասկանալու/ պարզագույն կանոններ:

Եթե նշված իրավանորմերի շարադրանքին ծանոթանալուց հետո դեռ այլ կարծիքի կլինեք, ապա ընդամենը կցանկանանք հավելել, որ մեր հայերենում մեր պատկերացմամբ «նիստից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացրած նախաձեռնությունն» բառակապակցությունը էապես տարբերվում է այն նախաձեռնությունից, որը ներկայացվել է «երկու շաբաթվա ընթացքում»:

Դիտվել է 42 անգամ
 


Այս թեմայով