Քաղաքական փոփոխության նպատակով ուժի կիրառումն անընդունելի է

DDDEF4EF-E4E4-46F0-969B-8402D18F4986_cx5_cy0_cw86_w987_r1_s_r1Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների համաձայնությամբ այսօր հայտարարություն է տարածել Երևանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների առնչությամբ:

«Ընդգծելով, որ քաղաքական փոփոխության նպատակով ուժի կիրառումն անընդունելի է՝ մեր զորակցությունն ենք հայտնում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին: Ոստիկանության Էրեբունու բաժանմունքում տեղի ունեցած դեպքերից տուժողներին մաղթում ենք արագ և լիարժեք ապաքինում», — ասված է հայտարարությունում: — «Մտահոգությամբ ընդգծելով անհամաչափ ուժի կիրառման և ոստիկանության կողմից իրականացված զանգվածային ձերբակալությունների մասին զեկույցները՝ իշխանություններին կոչ ենք անում հարգել համաչափության սկզբունքը խաղաղ բնույթի, ինչպես նաև բռնությամբ ուղեկցվող հանրային բողոքի ակցիաների առնչությամբ: Միաժամանակ, ցուցարարներին անհրաժեշտ է ձեռնպահ մնալ բռնի գործողություններից՝ իրենց քաղաքացիական իրավունքների իրացման ընթացքում»:

Ի գիտություն ընդունելով նաև մարդու իրավունքների պաշտպանի կողմից կատարված հայտարարությունները՝ ԵՄ պատվիրակությունը հորդորում է լիարժեք հետաքննություն կատարել ոստիկանների կողմից իրականացված բոլոր իրավախախտումների մասին հաղորդումների առնչությամբ, այդ թվում` նրանց կողմից ոչ պատշաճ վերաբերմունքի և իրավապաշտպանների և բուժօգնության մերժման առնչությամբ:

 


Այս թեմայով