Քաղաքական դաշտում չպետք է լինեն միայն Փաշինյանի կողմնակիցները

«Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններն այսօր ստորագրեցին համագործակցության մասին հուշագիր, ըստ որի՝ ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցեն «Մենք» դաշինքով:

«Մենք» դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը նախ շնորհավորեց բոլորին ՀՀ քաղաքական դաշտում նոր քաղաքական դաշինք ձևավորելու առթիվ, հույս հայտնելով, որ այս միավորը կունենա հաջողություն և իր գործունեությունը կծավալի հնարավորինս երկար ու բուռն:

«Մեր երկու ուժերն էլ միանշանակ  երկրում տեղի ունեցած փոփոխությունների ու հեղափոխության կողմնակից են եղել, մեր կուսակցությունները, մեր կենսագրությամբ պայքարել են գործող ռեժիմի դեմ, և բարեբախտաբար այդ հեղափոխությունը տեղի ունեցավ, ինչի կողմնակիցն ու աջակիցը մենք ենք: Քաղաքական դաշտում տեղի են ունենում փոփոխություններ և այդ փոփոխություններին զուգահեռ պետք է արվեն քայլեր»,-ասաց Արամ Սարգսյանը:

Թե ինչու է ձևավորվել «Մենք» դաշինքը, Արամ Սարգսյանն ասաց, որ իրենք համարում են, որ հեղափոխությունն իր վերջնական արդյունքին հասած կլինի, եթե տեղի ունենան մի շարք փոփոխություններ ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին քաղաքական դաշտում:

Նրա խոսքով՝ անցած վեց ամիսների ընթացքը վերլուծելով՝ իրենք հասկանում են, որ  այդ ոլորտում կան թերացումներ և «Մենք»-ը հակված է լրացնելու այդ բացը:

Արամ Սարգսյանն ասաց, որ առաջին հանգամանքը, ինչի համար միավորվել են, արտաքին քաղաքական հարթակում եվրոպական արժեքներ կրելն է, երկրորդը, ինչի համար միավորվել են, քաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացներին մասնակցության դիվերսիֆիկացիային է վերաբերում:

 «Այո, հեղափոխությունն արեց Նիկոլ Փաշինյանը, փառք ու պատիվ իրեն, բայց Նիկոլ Փաշինյանն ինքն էլ պնդում է, որ հեղափոխությունը արել է ողջ հայ ժողովուրդը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բայց դա չի նշանակում, որ քաղաքական դաշտում պետք է լինեն միայն Նիկոլ Փաշինյանի  կողմնակիցներն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմնակիցները, բնականաբար, հասկանալի է, որ մեծամասնությունը իրենք են լինելու»,-ասաց Արամ Սարգսյանը:

Նա հայտնեց, որ իրենք չեն լինելու այն ուժը, որը սպասելու է, որ իշխանությունը սխալներ գործի, իրենք ուրախանան և քննադատեն իշխանությանը, իրենք գործելու են այնպես, որ կանխեն իշխանության սխալները:

Թե ինչու «Մենք», Արամ Սարգսյանն ասաց, որ այդ բառը չի նշանակում ես. «Ես-ն էլ է կարևոր, անհատի  դերը քաղաքականության մեջ շատ կարևոր է, բայց անհատը ոչինչ է, եթե չկա մենք-ը: «Մենք»-ը ներառական է և լավն է, մարկետինգային առումով «Մենք»-ը հայերենում ամենաշատ ասվող բառերից է, և երրորդ հանգամանքը, որը համարում եմ կարևոր. այն մարտահրավերները, ինչ ունի Հայաստանը՝ Արցախից մինչև տնտեսական խնդիրներ, որևէ իշխանություն միայնակ լուծել չի կարող, հիշեք Ապրիլյան պատերազմը, ռեժիմի տարիներն էին, բայց մեզնից յուրաքանչյուրը կանգնեց զինվորի կողքին: Եթե մենք ուզում ենք այս երկրի խնդիրները լուծել, մենք բոլորս միասին պիտի լուծենք: «Ես ու դու մենք ենք», սա էլ լինելու է այս ընտրություններին մեր կարգախոսը»,-ասաց Արամ Սարգսյանը:

Այս թեմայով