Քաղաքական դաշտը ոչնչացված է. մնացին Փաշինյանն ու Քոչարյանը

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները այլևս հետևում մնացին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը՝ «Իմ քայլը» դաշինքը ստացավ քվեների բացարձակ մեծամասնությունը՝ ավելի քան 81 տոկոս: Նման բարձր ցուցանիշ ստանալու պատճառը հեղափոխությունն էր ինչպես նաև վարչապետ Փաշինյանի կողմից քաղաքական դաշտը սևերի և սպիտակների բաժանումը: Նախընտրական քարոզարշավի ընթացքում նա հայտարարեց, որ քաղքացիները իրենց ձայնը պետք է բացառապես տան «Իմ քայլը» դաշինքին, հակառակ պարագայում հակահեղափոխությունը հաղթելու շանսեր կստանա: Փաշինյանը նաև հայտարարեց, որ այս ընտրություններով է որոշվելու ԱԺ արտահերթ ընտրությունների ապագան:

Ըստ էության սա քաղաքապետի ընտրություն չէր ու անհավասար պայքար էր, քանի որ, ի տարբերություն Փաշինյանի թիմի, մնացածը փորձում էին պայքարին մասնակցել ներկայացնելով Երևանի խնդիրների լուծման իրենց տարբերակները, իսկ քաղաքացիներին այս ընտրություններում առհասարակ չէր հետաքրքրում քաղաքական ուժերի ծրագրերը:

Վարչապետ Փաշինյանը հրաշալի օգտագործեց իր ձեռքի տակ եղած քաղաքական գործիքները ու իր թիմը ունեցավ աննախադեպ արդյունք, բայց նա այս կերպ  ոչնչացրեց ամբողջ քաղաքական դաշտը: Փաշինյանի գծած սահմանների հետևանքով քաղաքական պրոցեսներից դուրս մնացին՝ «Ժառանգություն» կուսակցությունը և «Երևանի հանրություն» դաշինքը: Ուժեր, որոնց ներկայացուցիչները առաջին իսկ օրվանից աջակցել էին ժողովրդական պայքարին, ավելին նրանք մաս էին կազմում «Հանուն Հայաստան պետության» ճակատի, որը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի դեմ պայքարող երեք հիմնական ուժերից մեկն էր (մյուս երկու շարժումներն էին՝ «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին»): Փաշինյանը՝ բացի իր քաղաքական թիմից, մնացած թիմերին ներկայացնելով որպես հակահեղափոխականներ, չեզոքացրեց նաև իրեն աջակցած այս ուժերին:

Այս պահին կարելի է արձանագրել, որ քաղաքական դաշտում չկան այլևս կայուն քաղաքական ուժեր: Կա Քաղաքացիական պայամանագիր կուսակցություն, բայց այս կուսակցությունը հենված է բացառապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակության վրա: Այսինքն կա մեծ հանրային սատարում ունեցող Նիկոլ Փաշինյան գործիչ: Բացի Նիկոլ Փաշինյանից, այս պահին քաղաքական դաշտում կա Ռոբերտ Քոչարյան: Իհարկե Քոչարյանը չունի հանրային լայն աջակցություն, ավելին հասարակության լայն զանգվածները չեն ընդունում նրան, բայց դրանից իրերի դրություն չի փոխվում:

Փաստացի, Նիկոլ Փաշինյանի ակտիվ ջանքերի շնորհիվ ոչնչացվեց ամբողջ քաղաքական դաշտը: Այս պահին ամբողջ քաղաքական պրոցեսները կախված են երկու հակառակորդներից՝ Նիկոլ Փաշինյանից և Ռոբերտ Քոչարյանից: Իսկ թե ինչպես կզարգանա այս երկու գործիչների պայքարը ցույց կտա ժամանակը:

Այս թեմայով