Փորձելու ենք երկրում էներգակիրների գինը նվազեցնել, երկրորդը` նվազեցնել հոսանքի գինը. Դավիթ Հարությունյան

Յուրաքանչյուր լրատվամիջոցի պնդմանն արձագանքելն անիմաստ եմ համարում. այսօր լրագրողների հետ զրույցում այսպես ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն` անդրադառնալով էներգետիկայի ոլորտին, և ռուսական լրատվամիջոցներից մեկի պնդմանը, թե եվրոպացիներն ատոմակայանը փակելու են։ Նախարարը նշեց, որ երկրում հնարավոր զարգացման 2 սցենար կա: «Էներգետիկայի ոլորտում ունենք երկու մոտեցում, առաջինը` փորձելու ենք երկրում էներգակիրների գինը նվազեցնել, երկրորդը` նվազեցնել հոսանքի գինը»,-ասաց նա:

Դավիթ Հարությունյանը նշեց, որ շատ գործոններ են հաշվի առնվում և անգամ ատոմակայանների պարագայում երկու իրարից տարբերվող մոտեցումներ կան:

«Մենք պլանավորում ենք էներգետիկ ոլորտի զարգացում` ելնելով երկրի հիմնական ռազմավարական նպատակներից: Սա քաղաքական որևէ ազդեցության ենթակա չէ, այլ էներգակիրների շուկայում առկա իրավիճակով է պայմանավորված, գներով, սպառմամբ և ժամանակակից տեխնոլոգիաներով»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե ատոմակայան ունենալու քաղաքական որոշումը չի՞ փոխվել, նախարարն ասաց, որ մենք նոր ատոմակայան կունենանք, եթե այն գնային, սակագնային առումով լինի արդյունավետ: Նա նշեց, որ կառավարության երկարաժամկետ ռազմավարությունում հստակ նշված է, որ այն պարբերաբար ենթակա է վերանայման: Նա նշեց, որ կիրառվում է մաթեմատիկական մոդել և կանխատեսումների հիման վրա գնահատում են, թե որ ճանապարհն է ավելի արդյունավետ սպառողների համար:

Նախարարը համաձայնեց, որ ատոմակայանը տալիս է ամենաէժան էլեկտրաէներգիան, եթե կա արդեն կառուցված ատոմակայան, սակայն երբ հաշվարկվում են ներդրումները, այլ պատկեր է ստացվում։ Այն ամենևին այնքան էժան չի լինելու, որքան այսօրվա ատոմակայանի արտադրանքը:

Ինչ վերաբերում է նրան, որ ատոմակայան ունենալը տալիս է անկախություն` նախարարն ասաց. «Մենք չունենք հումքի արտադրություն, և որոշակի կախվածության մեջ ենք հումք արտադրողներից, դրա համար փորձում ենք բոլոր տարրերը հաշվի առնել»:

 


Այս թեմայով