Նշանակված է փորձաքննություն, սակայն հետազոտությունների համար գումար չկա. փաստաբանը` զինծառայողի գործի մասին

Եզդի զինածառայող Յուրիկ Բրոյանը, ում անդրադարձել էինք մեր նախորդ նյութերում, այժմ գտնվում է հոգեբուժարանում: Վերջինիս համար նշանակված է ստացիոնար դատահոգեբուժական և դատաբժշկական համալիր փորձաքննություն, որը դեռ չի իրականացվել` պատճառաբանությամբ, թե դրա համար նախատեսված գումար չկա:

Politik.am-ի հետ զրույցում Բրոյանի  փաստաբան Հայարփի Սարգսյանն ասաց, որ  իր վստահորդի գործով այս պահին որևէ էական փոփոխություն չի տեսնում.

«Հետաքրքիրն այն է, որ իրեն հսկող բժշկի խոսքով, անհրաժեշտ է անցկացնել նյարդաբանի հետազոտություն, ինչը գումար չունենալու պատճառով չի իրականացվում: Չգիտեմ՝ ինչպես մեկնաբանել սա. նշանակված է փորձաքննություն և  օրենքով սահմանված է, որ այն  պարտավոր են իրականացնել, սակայն  որոշ հետազոտությունների համար գումար չունեն»:

Փաստաբանը միջնորդել է պաշտպանության  և առողջապանության նախարարներին, որպեսզի անվճար ուղեգիր պատրաստվի, և անհրաժետ բոլոր փորձաքննությունները իրականացվեն.

«ՊՆ Գլխավոր շտաբից այսօր ինձ զանգահարեցին` տեղեկանալու, թե ու՞մ մասին է խոսքը: Ամեն դեպքում, նույնիսկ իրենցից հստակ պատասխան չստացա: Սպասում եմ, գուցե առողջապահության նախարարը անձագանքի»:

Հայարփի Սարգսյանի խոսքով` Բրոյանի դեմ 2 դատական գործ է հարուցված եղել: Մի դեպքում ծառայությունից խուսափելու, մյուս դեպքում`  ինքնավնասում կատարելու հետ կապված.

«Ինքնավնասումը Բրոյանը կատարել էր ծեծի ենթարկվելուց օրեր անց: Անցյալ տարվա օգոստոսի 18-ին ծառայությունից խուսափելու գործը կարճվել էր: Դրանից հետո Բրոյանը դիմում է ներկայացրել՝ համաներմամբ ինքնավնասման գործը կարճելու համար: Հետաքրքիրն այն է, որ գործը մինչ օրս չի կարճվել, այն դեպքում, երբ դիմում կա, և պարտավոր էին գործը կարճել: Զարմանալին այն է, որ ինքնավնասման դեպքը կարճելու գործով դատարան են մտել և նշանակել ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն, որպեսզի ռազմական ոստիկանությունից տեղափոխեն հոգեբուժարան»:

 

Այս թեմայով