Փո՞ղ ենք լվանում

աժ նիստ8Վարկեր վերցնելը Հայաստանի համար մոդայիկ է դարձել: Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրած քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր երկուսի վերաբերյալ» վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Վերջինս նշեց, թե իր համար անհասկանալի է՝ ինչո՞ւ են ամեն հարցի լուծման համար վարկ վերցնում:

«Մենք ոչ միայն ճանապարհաշինության համար, այլև՝ վերանորոգման համար ենք վարկեր բերում: Սա անհասկանալի է: Միլիոնավոր դոլարների վարկեր ենք բերում, բայց դրանից օգուտ չկա»,- հայտարարեց պատգամավորը:

Հ. Բիշարյանը հիշեցրեց, որ Վերահսկիչ պալատը «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարության ժամանակ պարզել էր, որ վերանորոգումը պատշաճ չի կատարվել:

«Գումարներ էինք վարկ վերցրել, բերել էինք, ծախսել, ճանապարհներ վերանորոգել: Բայց Վերահսկիչ պալատը պարզեց, որ պատշաճ չէր արվել, որակը զիջել էր: Սրանք մտահոգիչ խնդիրներ են»,- ասաց Բիշարյանը՝ շեշտելով, որ իրենք դեմ են, որ ամեն ինչ վարկերով կատարվի:

Բիշարյանը բարձրացրեց շահութաբերության հարցը:

«Սա նույնպես բիզնես ծրագիր է, բայց արդյոք կա՞ հաշվարկ, որ այդ գումարը ներդնելուց հետո շահույթ կունենանք: Ներդրում ենք անում, շահույթ կլինի՞ որոշ ժամանակ անց, թե՞ պարզապես բերում ենք վարկեր ամեն ինչի համար, որը խիստ ցավալի է: Ի՞նչ է՝ փո՞ղ ենք լվանում, թե մի քանի հոգու երկու-երեք տարով աշխատանք ենք ապահովում»,- շեշտեց ՕԵԿ խմբակցության ղեկավարը:

Դիտվել է 103 անգամ
 


Այս թեմայով